Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակել էր«Սկանդալ ՊՆ-ում» վերտառությամբ հոդված, որտեղ ներկայացրել էինք ավելի քան 12 տարի Պաշտպանության նախարարությունում ծառայած, մասնագիտությամբ ֆինանսիստ փոխգնդապետ՝ Սահակ Ասատրյանի հայտարարությունն այն մասին, որ նախարարությունում կրկին աշխատանքի վերադառնալու համար իրենից կաշառք են պահանջել, այնուհետև ընդունելության համար նախատեսված քննություններն, ըստ իրեն, դիտավորյալ անբավարար են նշանակել։

 

Մեր հրապարակումից հետո՝ Պաշտպանության նախարարությունը շտապեց հերքել և հայտարարել, թե հոդվածում ներկայացված դեպքերը խեղաթյուրված են և իրականությանը չեն համապատասխանում, լրագրողը խախտել է մասնագիտական էթիկան և միակողմանի տեսակետ հրապարակել։

 

Սակայն, հոդվածի հրապարակումից օրեր անց տեղեկացանք, որ մեր «միակողմանի հոդվածի»առնչությամբ ՀՀ Քննչական կոմիտեի ռազմական քննչական գլխավոր վարչության՝ հատկապես կարևոր գործերով վարչությունում, նախապատրաստվում են նյութեր։ Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։ 

 

Նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետի ավարտից հետո, Քննչական կոմիտեի վերոնշյալ վարչությունում հոդվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։


ԼՈՒՐԵՐ.com-ին Քննչական կոմիտեի լրատվական վարչությունից տեղեկացրին, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ։

 

Ըստ այդմ՝ հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով։ Այն է՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը։  

 

Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել։

 

Սույն արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: 

 

Վերջում հավելենք, որ գործի քննությունը կլինի մեր ուշադրության կենտրոնում, ընթերցողներին պարբերաբար կտեղեկացնենք ընթացքի մասին:

 

Քրիստինա Աղալարյան