Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձել է Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի կողմից Վանաձորի Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մասին լուրերին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Բիշարյանն ընդգծեց, որ եղել է ոչ թե ծեծ, այլ քաշքշուկ: «Որքանով տեղյակ ենք, այդքանով մենք մեր հայտարարությունը արել ենք՝ եղել է քաշքշուկ: Կապված է եղել նրա հետ, որ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը իր հավատացյալների խմբի հետ ընտրակաշառք է բաժանել»,-հաղորդմամբ՝ ասաց նա:

 

Դիտարկմանը, թե ըստ հայտարարությունների՝ ծեծն այն պատճառով է եղել, որ տուժածը ընտրություններին չի քվեարկել նրա օգտին, Բիշարյանն արձագանքեց. «Դե հիմա դուք ամեն մեկդ մի բան կշահարկեք, ժամանակ էլ չունեմ, բայց մեր պատասխանը հստակ դրված է»:

 

Անդրադառնալով լուրերին, թե իրենց թեկնածուն հարբած է եղել, նույնիսկ թմրադեղերի ազդեցության տակ է եղել, պատգամավորն ասաց, թե դրանք ուռճացվում են. «Դուք քանի որ 4-րդ իշխանություն եք ու քաղաքականության հետ առնչվող մարդիկ եք, հստակ պետք է նայեք, որ քաղաքական պրոցեսներ են, ու այս պահին ինչո՞ւ է տեղի ունեցել նման բան, ո՞ւմ է պետք, քաշքշուկի արդյունքում ինչո՞ւ է լուրն այդքան ուռճացվում, ո՞ւմ է ձեռնտու և ինչո՞ւ են այդպես անում, եկեք այստեղից խոսենք, հետո նոր խոսենք մնացած բաների մասին»,- հավելեց Բիշարյանը:

 

Դիտարկմանը, թե քաշքշոց չի եղել, այլ ծեծ, նույնիսկ տուժածը բժիշկների կարիքն է ունեցել, նա ասաց. «Նա հիվանդանոցում չէ, նա չի հոսպիտալացվել, զանգահարեք հիվանդանոց»:

 

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին: