Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի ավագանին միաձայն որոշում է ընդունել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել 2016 թ. ՀՀ վաստակավոր բժիշկ , «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Եսայանին, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին:

 

Կոչումները կհրապարակվեն Երևանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին:

 

ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Մանթաշի Եսայանը ծնվել է 1946 թ. ԼՂԻՄ Մարտակերտ ավանում: 1964-1970 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Բուհն ավարտելուց անմիջապես հետո' 1970 թվականից սկսել է տիկնոջ գործունեությունը, որը շարունակվում է առ այսօր: Այս տարիների ընթացքում Սառա Եսայանն աշխատել է տարբեր բժշկական հաստատություններում: Այստեղ, թերևս, կառանձնացնենք թիվ 14 պոլիկլինիկան, որտեղ տիկին Եսայանն աշխատել է տասնամյակներ շարունակ' որպես բժիշկ-ռևմատոլոգ: Պոլիկլինիկան տարիներ առաջ վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Ըստ այդմ' տիկին Եսայանի աշխատավայրը 2006 թվականից առ այսօր «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնն է, որտեղ նա աշխատում է որպես բժիշկ-ռևմատոլոգ: Բացի այս, տիկին Եսայանը տիրապետում է արևելյան բուժման (չինական և կորեական) մասնագիտություններին: Խորհրդային միության առողջապահության գերազանցիկ է, բարձր կարգի մասնագետ: 1978-1984թթ. մասնակցել է Մոսկվայում, Վիլնյուսում կայացած ռևամոտոլոգների միջազգային համագումարներին՝ որպես պատգամավոր: 2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

 

Ոլորտում երկարամյա ներկայության, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր բարոյական չափանիշների արտացոլումն է պարգևների այն ցանկը, որն իր համես տեղն է գտել Եսայանի կենսագրությունում:

 

Պարգևներ

• 24.05.2010 թ. ՀՀ Նախագահի ՆՀ 108-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում,

 

• 15.07.2016 թ. ՀՀ Նախագահի ՆՀ-509-Ա հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով,

• 2015 թ. դեկտեմբերի 16-ին ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ մեդալով»,

 

• 2010 թ. ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով,

 

• 2010 թ. Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով,

 

• 2010 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից ստացել է «Լավագույն բժիշկ» պատվոգիր,

 

• 2012 թ. «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից ստացել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալը,

 

• 2013 թ. Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է Մանթաշևի անվան ոսկյա շքանշանով,

 

• 2014 թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է Ոսկե մեդալ,

 

• 2015 թ. ստացել է ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ,

 

• 2015 թ. պարգևատրվել է Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալով,

 

• 2015 թ. պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով,

 

• ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով,

 

• 2016 թ. ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերան «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» կողմից պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց Մեծն Տիգրան» շքանշանով,

 

• 2016 թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից ստացել է պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար»:

 

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը արժանանում են այն քաղաքացիները, ովքեր իրենց երկարամյա անբասիր աշխատանքով եւ բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երևանի քաղաքաշինությանը և բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեցել Երևանի տնտեսական, մշակութային զարգացման, Երևանի և այլ քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման գործում, իրենց կյանքում ու անցած ուղիով նպաստել են ժողովուրդների բարեկամությունը և խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության կամ գիտության զարգացման բնագավառում։

 

Երևանի պատվավոր քաղաքացուն հանդիսավոր պայմաններում հանձնվում է «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու վերաբերյալ քաղաքապետի որոշումը, Երևանի զինանշանն ու պատվավոր քաղաքացու կոչումը պատկերող մեդալ և Երևանի պատվավոր քաղաքացու վկայական։

 

Երևանի պատվավոր քաղաքացու անունը գրանցվում է Երևանի քաղաքապետարանում պահվող, Երևանի պատվավոր քաղաքացիների հաշվառման հատուկ գրքում և միաժամանակ համապատասխան գրառում է կատարվում Երևանի պատվավոր քաղաքացիներին նվիրված հուշաքարի վրա։