ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած բազմաթիվ հորդորներին' կրկին բոտուլիզմի դեպքեր են արձանագրվել:

Փետրվարի 20-ին Լոռու մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով, որից մեկը մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչները փետրվարի 18-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածո: Փետրվարի 19-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները' թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Փետրվարի 20-ին բոլոր չորս հիվանդները շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Վանաձորի» բժշակական կենտրոն, որտեղ անմիջապես ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Փետրբարի 21-ին հիվանդներից մեկը (92 տարեկան) մահացել է¸ իսկ երկուսը (70 և 54 տարեկան) տաղափոխվել են Երևան՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և «Էրեբունի» բժշակական կենտրոն: «Էրեբունի» բժշակական կենտրոն հոսպիտալացված հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն հոսպիտալացված հիվանդինը' միջին ծանրության: «Վանաձորի» բժշակական կենտրոն հոսպիտալացված հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Փետրվարի 22-ին բոտուլիզմի մեկ դեպք' մեկ տուժածով արձանագրվել է Կոտայքի մարզում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված թթու ծիծակի պահածոյի օգտագործումն է:

Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչները ընտանիքի չորս անդամներով փետրվարի 21-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված թթու ծիծակի պահածո: 22.02.13թ-ին մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները' թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն: Հիվահդը անմիջապես հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն¸ որտեղ ստացել է հակաբոտուլինային շիճուկ, բուժումը շարունակվում է:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնո՛ւմ է.

•Մի՛ օգտագործեք սննդում տնային պայմաններում պատրաստված պահածոներ:

•Պահածոյացված սննդամթերքը նախքան ուտելը տեղափոխեք այլ կաթսայի մեջ և եռացրեք 20-25 րոպե:

•Առաջին իսկ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:

Վճռական լինենք և բացառենք բոտուլիզմի դեպքերը: