«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից նկարահանված «Ճանապարհ» ֆիլմի պրեմիերան:

 

Ֆիլմը, որը նկարահանվել է «Ճանապարհը բոլորինն է» նախագծի շրջանակում, պատմում է տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց մասին, ովքեր պարբերաբար բախվում են ճանապարհային դժվարություններին՝ հանրային տրանսպորտի անմատչելիություն, դժվարանցանելի ճանապարհներ, թեքահարթակների բացակայություն:

 

Ֆիլմի հերոսներն այն անձինք են, ովքեր ճակատագրի բերումով հաշմանդամներ են:

 

 

«Ճանապարհ» ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Գոհար Ստեփանյանը, եղել է «Նարեկացի» արվեստի միության աշխատակիցներից մեկը, ով իր ուժեղ կամքով և հավատով մարտահրավեր է նետել կյանքում հանդիպած բոլոր խոչընդոտներին՝ դառնալով վառ օրինակ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար:

 

 

Միջոցառման ընթացքում իրենց խոսքով հանդես եկան «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի փոխտնօրեն Իննա Սահակյանը, «Ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր Անժելա Ֆրանգյանը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ Դովիլ Սուրվիլայթը, ֆիլմի պրոդյուսեր Արևիկ Ավանեսյանը:

 

-«Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ հարկի տակ եմ հայտարարում «Ճանապարհը բոլորինն է» մեդիա նախագծի սկիզբը: «Ճանապարհ» ֆիլմով մենք փորձել ենք հնարավորինս համապարփակ ներկայացնել ճանապարհային այն խնդիրները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանատանը և Լիտվայի արտաքին գործերի նախարարությանը, ովքեր աջակցեցին և ֆինանսավորեցին այս ծրագիրը կյանքի կոչելու, ինչպես նաև՝ ՆԱՄ-ին, ով ընդառաջեց, հյուրընկալեց և օժանդակեց մեզ,-նշել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի փոխտնօրեն Իննա Սահակյանը: