Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ` մասնակցելու Նյու Յորքում այսօր մեկնարկող «Հայաստան» ներդրումային համաժողովին, որին ներկա են լինելու աշխարհում ճանաչված ընկերությունների մենեջերներ, փորձագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: 

 

Շատերը, ոչ առանց հիմքի, հենց այս համաժողովի հետ են կապում Հայաստանի կառավարության փոփոխությունը, թե ժամկետային ընտրության և, թե նոր կաբինետի հրապարակային խոստումների համատեքստում: Հայաստանի տնտեսությունը կաթվածահար վիճակում է, ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի խոստովանությամբ՝ շոկային վիճակում:


Տնտեսության խնդիրն ուղղակիորեն կապված է քաղաքականության հետ և ինքնին պարզ է, որ սոցիալական լարվածությունը կարող է խոչընդոտել ոչ միայն իշխանության վերարտադրության ծրագրի իրականացմանը, այլ նաև սպառնալ իշխանությանը, նրա կայունությանը:

 

Հուլիսյան իրադարձությունները հենց սրա նախանշաններն էին, ինչքան էլ հիմնավոր լինեն դրանց նպաստող հարակից գործոնները: Սեպտեմբերին Սերժ Սարգսյանը գնաց կառավարության արմատական փոփոխությունների, որովհետև ստեղծված վիճակն արդեն սպառնում էր ոչ միայն երկրին, այլ` իր համակարգին: Այս առումով, Սարգսյանն ու հասարակությունն ինչ-որ իմաստով դարձան կարճաժամկետ դաշնակիցներ: Իհարկե, տարբեր են մնում փոփոխությունների վերաբերյալ հանրային և իշխանական էլիտայի պատկերացումները: 

 

Հասարակության համար փոփոխության առաջին նշանը, ինչքան էլ պարզունակ լինի, հենց իշխանական էլիտայի հեռացումն է: Սերժ Սարգսյանի շրջապատը փորձում է կառավարելի դարձնել հանրային տրամադրությունները` իշխանությունից հեռացնելով քրեաօլիգարխիայի նշանային դեմքերին` ժողովրդին և միջազգային հանրությանը ներկայանալով նոր վարչապետի դրական կերպարով, համակարգային բարեփոխումների խոստումներով:

 

Միակ դրականն առայժմ արձանագրվել է կադրային քաղաքականության մեջ: Ընդ որում` պաշտոնանկությունների միջոցով, որովհետև մեզանից շատերի համար անհայտ են նոր նախարարների անձերն ու իրական պոտենցիալը: Համակարգային բարեփոխումների մասին լսել ենք պերճախոս խոստումներ, բայց պետական համակարգը, մեղմ ասած, չի կրճատվել: Ըստ լրջագույն փորձագիտական եզրակացությունների` Հայաստանի օպտիմալ և արդյունավետ կառավարման համար նույնիսկ տասներկու նախարարությունը բավարար է, իսկ առայժմ նրանց թիվը տասնինն է: Քաղաքաշինության նախարարության լուծարումը քիչ է համակարգային բարեփոխումների, անգամ մեկնարկի մասին խոսելու համար: Ուռճացված պետական համակարգը հենց կոռուպցիայի ակունքն է, ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարն առայժմ ոչ թե կոկրետ գործ է, այլ` ընդամենը դեկլարացիա: Հայաստանն առայժմ չունի զարգացման ներքին ռեսուրսներ, եթե անգամ դրանք կան` արտացոլված չեն հաջորդ տարվա բյուջեում, կամ հարկահավաքության ցուցանիշներում:

 

Դարձյալ գործ ունենք ոչ թե կոնկրետ քաղաքականության, այլ գեղեցիկ մտադրությունների հետ: Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանը` տնտեսական կոլապսի մեջ է և պատրաստ չէ ներդրումներ կատարել ոչ միայն գեղեցիկ մտադրությունների, այլ` անգամ կոնկրետ ծրագրերի պարագայում:

 

Սերժ Սարգսյանի հույսը Արևմուտքն է. նա ԱՄՆ է մեկնել, ըստ էության, ոչ թե արված գործով, այլ կոսմետիկ «եվրոռեմոնտի» ենթարկված կառավարությամբ և մի տրցակ խոստումով:

 

Հայաստանը հայտվել է ծույլ աշակերտի կարգավիճակում, ով քննությանը է ներկայանում չպատրաստված, բայց «ավանսով» դրական գնահատական է խնդրում՝ հետագայում լավ սովորելու խոստումով:

 

Դժվար է ասել, թե ԱՄՆ-ում ինչքանով կվստահեն այդ «աշակերտին», մանավանդ, որ նա նաև «վատ շրջապատում» է՝ ԵՏՄ անդամակցությամբ և անկայուն ռիսկային տարածաշրջանում գտնվելու հանգամանքներով պայմանավորված:


Սարգիս Հակոբյան