Արդյո՞վ ովքեր են…

 

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց` օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…


Արդեն 4 տարի է 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

 

Քանի որ հաշված ամսիներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն է:



Ծնվել է 1962թ. ապրիլի 1-ին Երևանում:

 

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

 

1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի /ԵԺՏԻ/ պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ-ի ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում /Ֆրանսիա/: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

 

1987-1990թթ. ԵԺՏԻ-ում աշխատել է արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ. եղել է ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: 2003-2004թթ.՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.' ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:



Բազմափորձ Մելքումյանն այն պատգամավորներից է, ով իսկապես աշխատում է: Հարցեր, ելույթներ, օրենքի նախագծեր…
Վերջին 4 տարիների ընթացքում Մելքումյանը չի թերացել:

 

Վկա են նաև ԱԺ-ի կողմից տրամադրվող պաշտոնական թվերը ՝ 148 ելույթ, 140 հարց: Իհարկե նրան միանշակ 5 «նշանակել» չենք կարող, որովհետև ուղիղ 110 անգամ բացակայել է նիստերից:


Նշյալ 110 բացակայությունը չի խանգարել, որ Մելքումյանն ակտիվ շփվի թե՛ հասարակության, թե՛ լրագրողների հետ:
Մի շարք բողոքի ակցիաների ժամանակ նա չի զլացել և լսել է ժողովրդի ձայնը, իհարկե, եթե դա բխել է իր կուսակցության շահերից:

 

Նա երբեք չի զլացել և պատրաստակամորեն պատասխանել է նաև լրագրողների հազար ու մի հարցերի:

 

Ի դեպ, պատգամավորը սիրում է խոսել, շատ խոսել, շատ լավ է հիշում, թե որ լրագրողին ինչ բառ է ասել, քանի րոպե է զրուցել:

 

Նա նաև չի զլանում և սիրում է ճշտել՝ երբ է իր խոսքը եթեր գնալու, հրապարակվելու, կամ արդյո՞ք կրճատվելու է հարցազրույցը, թե՝ ոչ:

 

Այստեղ պետք է երկու կետ առանձնացնեմ՝ Մելքումյանը կիրթ խասացող է և միշտ պատրաստակամ հարցազրույց տալու՝ իսկական փրկություն շատ լրագրողների համար:

 

Կարճ ասած՝ պատգամավոր, որին կարելի է տեսնել նաև 2017-ին խորհրդարանում, թեպետ 2012-ին նորընտիր Մելքումյանի մասին շռնդալից բացահայտումներ կատարվեցին ու շատերն էին պնդում, որ նա տեղ չունի օրենքի կողքին…

 

Պարզվում է՝ մեր ակտիվ պատգամավորը ոչ պակաս ակտիվ գործարար է և  անշարժ գույքի իսկական մագնատ՝ կես դրույքով էլ անշարժ գույքի գործակալ:


2012 թվականի դեկտեմբերին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որը բացահայտում էր, թե ինչպես է վարձով տրվելիք բազմաթիվ կառույցներին կից փակցված հայտարարություններին գրված Մելքումյանի հեռախոսահամարը:

 

Լրագրողը շտապել էր անձամբ պատգամավորից ճշտել, թե որտեղից իրեն այդքան հսկա կարողություն անշարժ գույքի տեսքով, որ հիմա էլ վարձով է տալիս: Մելքումյանը, իհարկե, հերքեց լուրը, սակայն պատմությունը դրանով չավարտվեց:


Հիշեցնենք, որ այդ տեսանյութում, որտեղ հեռախոսային խոսակցություն է ներկայացված, ինչ- որ մեկը զանգահարում է հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով, իբր փորձում է տարածք վարձակալել, իսկ հեռախոսից այն կողմ լսվում է Մելքումյանի ձայնը: Նա ոչ միայն չի հերքում, որ տարածքներն իրենն են, ավելին՝ ներկայանում և հրավիրում է հանդիպել իր մեկ այլ աշխատավայրում, որը բնավ կապ չունի անշարժ գույքի գործակալության հետ:

 

Մելքումյանը ենթադրյալ վարձակալին հրավիրում է Ժող ինստիտուտ՝ նշելով, որ ինքն ամբիոնի վարիչ է, շատ տարածքներ ունի:


Տեսանյութը տարածվելուն պես «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմեց Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովին՝ առաջարկելով քննել ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագիծը:

 

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի անվան շուրջ վերջերս առաջացած աղմուկը չի կարող չանհանգստացնել մեր երկրում օրինականության եւ արդարության հաստատման համար պայքարող քաղաքացիներին: Միայն այն փաստը, որ ԱԺ պատգամավորն իրեն թույլ է տալիս օրենսդիր գործունեությանը զուգահեռ ԲՈւՀ-ում անշարժ գույքի գործակալի դեր կատարել, արդեն իսկ մտահոգության լուրջ առիթ է հանդիսանում: Մ.Մելքումյանի պարագայում սա կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ վերջինս այս ամենին զուգահեռ նաեւ առանց ամաչելու կեղծ փաստեր է ներկայացնում հանրությանն ինչպես իր ունեցվածքի, այնպես էլ գործունեության վերաբերյալ: Առանձին հարցեր են առաջացնում նաեւ սույն անձի գույքի ծագումնաբանության առնչությամբ»,- նշված էր հայտարարության մեջ:

 

Ո՞վ է հիմա հիշում այդ պատմությունը :

 

Քչերը:

 

Կարճ է մեր հիշողությունը, իսկ Մելքումյանի կալվածքները շա՜տ են ու երևի պատգամավորի մանդատը դեռ նրան այս հարցում օգնելու է…

 

Անի Սահակյան