Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վանաձորի նորընտիր ավագանին գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրեց գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին:

 

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր Էդմոն Մարուքյանը հաշվարկի վերաբերյալ իր վրդովմունքը հայտնեց՝ նշելով, թե անմեղության կանխավարկածը չխախտելով, չի կարող ասել, թե ով խախտեց նախնական պայմանավորվածությունը, բայց այդ բոլոր պայմանավորվածությունները խախտողները պարզվելու են առաջիկա մյուս քվեարկությունների ժամանակ:

 

«Մյուս քվեարկությունները բաց են լինելու և այդ ժամանակ պարզ կլինի, ով է իր կողմից տված խոստումը խախտել: Ամեն ինչ նորմալ է, և որևէ խնդիր այս պահին չեմ տեսնում: Եթե սա կարելի է հաղթանակ կոչել, ապա այս կերպ մենք այլևս հաղթանակներ չենք ունենալու, որոնք կարող են դրական փոփոխություններ բերել կոնկրետ Վանաձոր քաղաքում»:

 

Մարուքյանի խոսքով՝ նման պահվածքն ընդդեմ մարդկանց սպասումների ու ձևավորված վստահության էր. «Սա դեմ է նաև մեր կողմից ստորագրված հուշագրին և այս ամենն ունենալու է հետևանքներ: Արդեն ՀՀԿ-ի թեկնածուի առաջադրումն ինձ համար սիգնալ էր, ինդիկատոր, որ ամեն ինչ արդեն լուծված է: Նման կերպ մասնակցությունն ու հաղթանակն ինձ համար անակնկալ չէր, քանի որ, եթե դու տեսնում ես՝ մի կողմում 15, իսկ մյուս կողմում՝ 18 թեկնածու, դրա արդյունքում չես կարող որևէ քաղաքական փոփոխություն ակնկալել: Այո, ամեն օր եղել են ճնշումներ մեր ներկայացուցիչների նկատմամբ, և ոմն դատախազության աշխատակից, Արսենյան ազգանունով, սպառնացել է քրեական գործ հարուցել: Ուզում եմ միայն ժողովրդին ասել, որ մենք մեր առջև դրա խնդիրներն էլի լուծելու ենք»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները տարածել էին համատեղ հայտարարություն, որով պաշտպանում էին «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: