«Հրապարակն» արդեն տեղեկացրել է, որ երիտասարդ մտավորականների մի խումբ կազմակերպում է փակ հանդիպումներ, որոնց նպատակը երկրում ստեղծված իրավիճակը քննարկելն է։ Այդ անձինք փորձում են 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ ձեւավորել նոր ուժ՝ շարժում։ Հայտնի է, որ ձեւավորվելիք շարժման ակունքներում կանգնած է նաեւ քաղաքագետ Խաչիկ Գալստյանը։

 

Քաղաքագետ Խաչիկ Գալստյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ու իր համախոհները ինչպես են պատրաստվում ձեւավորել այդ նոր շարժումը։ «Այս պահին մենք ակտիվ գործընթացի մեջ ենք, քննարկումներ ենք անցկացնում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Իսկապես Հայաստանում հասունացել է վերկուսակցական շարժման գաղափար, որովհետեւ այսօրվա հանրապետությունը ղարաբաղյան շարժման ծնունդն է։ Այսօր 25-28 տարի անց ես տեսնում եմ, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կա իսկապես նոր մոտեցումների, նոր գաղափարների, թարմ դեմքերի օբյեկտիվ անհրաժեշտություն»,- ասաց Խաչիկ Գալստյանը։ Քաղաքագետն ակնկալում է, որ այդ շարժումը լինի պոզիտիվ, համախմբող, դրական ալիքի վրա։

 

«Մեր ժողովուրդը տեսել է չարություն, ատելություն։ Այսօր էլ մեր շուրջը շատ է չարությունն ու ատելությունը, որից չենք կարողանում ազատվել։ Հայ ազգը ստեղծող, արարիչ ազգ է, դրա համար էլ մեզ պետք է համախմբում այդ նոր գաղափարների շուրջ»,- ասաց Խաչիկ Գալստյանը։ Քաղաքագետը չնշեց, թե հանրային գործիչներից ովքեր են ցանկություն հայտնել միանալու նորաստեղծ շարժմանը։ Նա միայն տեղեկացրեց, որ երբ իրենք հայտ ներկայացնեն եւ հրապարակային հայտարարեն իրենց ցանկությունների մասին, ապա այդ շարժմանը միանալու ցանկություն ունեցողներ շատ կլինեն։

 

«Մենք խոսում ենք այնպիսի բաների մասին, որոնց կրողն է յուրաքանչյուր հայ իր հոգու խորքում։ Ուղղակի ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ տիրող բացասականը շատ է, մենք խնդիր ենք դնելու մեր առջեւ՝ այդ ամենը դրական, պոզիտիվ լույսի ներքո ներկայացնելու մեր հանրությանը»,- ասաց Խաչիկ Գալստյանը։ «Մտավախություն չունե՞ք, որ այդ շարժումն էլ կփորձեն վարկաբեկել, սեւացնել»,- հետաքրքրվեցինք քաղաքագետից։

 

«Եթե այդպիսի մտավախություն ունենանք, ապա ընդհանրապես որեւէ բանով չպետք է զբաղվենք։ Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան յուրաքանչյուր լավ գաղափար սեւացնել։ Մենք սեւացնելուց չենք վախենում, մենք այդ սեւը տեսել ենք, այդ սեւի միջով անցել ենք, հիմա եկել է սպիտակի ժամանակը»,- ասաց Խաչիկ Գալստյանը։
Թե երբ կազդարարվի նոր շարժման մեկնարկը՝ Խաչիկ Գալստյանը հրաժարվեց ասել։
«Գաղափարը եփվում է, երբ հասունանա, հանրությունն այդ մասին կիմանա»,- ասաց քաղաքագետը։

 

Թագուհի Հակոբյան