Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

 

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

 

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանն է:


……………
Ծնվել է 1961թ. ապրիլի 11-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում:

1996թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը: Իրավագետ:

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին, 1994-2000թթ. ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ: Գնդապետ:

 

Պարգեւատրվել է «ՀՀ Արիության մեդալով», «ԼՂՀ Արիության մեդալով», ինչպես նաեւ ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով:

 

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 21 ընտրատարածք): 19.06-2007-31.05.2012թթ.՝ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:


……
Ռուստամ Գասպարյանը ԱԺ այն կերպարներից է, ով գրեթե աչքի չի ընկնում անպարկեշտ պահվածքով, գրեթե չի խուսափում լրագրողների հարցերից:

 

Սակայն, նա չի փայլում նաև իր աշխատասիրությամբ՝ որպես պատգամավոր: Վերջին 4 տարիների ընթացքում նա այդպես էլ ոչ ելույթ ունեցավ, ոչ էլ հարց հնչեցրեց: Փոխարենը, շատ ակտիվ բացակայում է նիստերից՝ մինչ օրս ունի 218 բացակա:

 

Նա փայլուն պատգամավոր չի եղել նաև 2007-2012 թվականներին, սակայն թե այն ժամանակ, թե մինչ օրս շատ հաճախ փայլում է կրիմինալ պատմությունների շնորհիվ, որոնց կենտրոնում են հայտնվում մեկ սեփական որդին, մեկ եղբորորդին:

 

Սկսենք վերջինից:

2011-ին լուր տարածվեց, որ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը վաճառում է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում գտնվող իր ունեցվածքը: Այդ ժամանակ, արդեն իսկ չէր գործում Նալբանդյան գյուղի հարակից տարածքում գտնվող գազալցակայանը, որը պատկանում էր պատգամավորին: Մամուլում լուրեր էին պտտվում, որ վաճառքի են հանվել նաեւ պատգամավորի թանկարժեք ավտոմեքենաները:

 

Ռուստամ Գասպարյանը դժվար իրադրության մեջ էր հայտնվել այդ տարվա ապրիլից, երբ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբորորդիները՝ Կամո եւ Գոռ Խլղաթյանները, ծեծի էին ենթարկել երկու երիտասարդների, այդ թվում նաև՝ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբորորդուն՝ Արա Գասպարյանին:

 

Այս պատմության արդյունքում լարված իրավիճակ էր սկսվել Ջանֆիդա գյուղում, որտեղի երիտասարդները չգիտեին՝ ում կողմը բռնել՝ ազդեցիկ քաղաքապետի, թե ոչ պակաս ազդեցիկ պատգամավորի:

 

Ամեն դեպքում, կարծես թե պարտվողի կերպարում Գասպարյանն էր ու, երևի թե դա էր պատճառը, որ նույն թվականին սկսվեց քննարկվել այն, որ պատգամավորը վաճառքի է հանել նաև՝ նույն գյուղում գտնվող առանձնատունը, որը կառուցել էր պատգամավոր ընտրվելուց հետո՝ այն լցնելով գերշքեղ պարագաներով…

Պատգամավորն այս պատմությունը դեռ չէր մարսել, երբ նրա անունը սկսեց շրջանառվել մեկ այլ կրիմինալ պատմության մեջ:

 

2014թ. հունիսի 30-ին հարուցվեց քրեական գործ, որի շրջանակում պատգամավորի որդուն մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը: Իսկ 2014թ. հուլիսի 7-ին դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրվեց կալանավորումը:

 

Այդ պահից սկսած պատգամավորը սկսեց աջ ու ձախ հարցազրույց տալ և նշել, որ իր որդուն պատանդ են պահում համասեռամոլի պատճառով: Մեջբերեմ Գասպարյանի հարցազրույցներից մեկի մի հատվածը.

 

«Պարզվեց, որ այդ համասեռամոլ տղան, ով աշխատել է «Վիվասել»-ում, նախօրոք ծրագրած սցենարով ցանկացել է երկրից գնալ: Անգամ աշխատավայրում աշխատանքից դուրս գալու դիմում է գրել: Սակայն դրա համար իրավապահ համակարգից որոշում է պետք եղել, որ իրեն հետապնդում են, ճնշում՝ որպես համասեռամոլի, ինչի արդյունքում այս պատմությանն է ներքաշվել եւ այսօր Հոլանդիա, թե Բելգիա է մեկնել: Այդ թղթով նաեւ այնտեղ քաղաքացիություն ձեռք կբերի, աշխատանք եւ տուն կունենա:

 

-Այսինքն՝ սա քաղաքական պատվեր չէ՞ր:

 

– Չէ, միանշանակ քաղաքական պատվեր կար: Համասեռամոլը իր անձնական խնդիրները լուծեց քաղաքական պատվերի միջոցով: Մեր իշխանությունն այդ առիթը օգտագործեց, որ տղայիս «զալոժնիկ» վերցնեն»…

 

Իհարկե, 2 ամիս անց Ռուստամ Գասպարյանի որդին արդեն ազատության մեջ էր, սակայն քրեական գործի քննությունը չէր դադարեցվել: 2015-ի սեպտեմբերին, սակայն, քրեական հետապնդումը նրա որդու նկատմամբ դադարեցված էր, իսկ Ռուստամ Գասպարյանն էլ այլևս ընդդիմադիր ԲՀԿ-ական չէր, այլ նախագահ Սարգսյանի ձեռքը սեղմողն էր ու սահմանադրական բարեփոխումները գովերգողը:

 

Դա չէր վրիպել շատերի աչքից ու, երևի, հենց դա էլ պատճառ էր դարձել, որ երբեմնի կիրթը դարձավ նյարդային ու ԱԺ-ում իրեն մոտեցող լրագրողին հայտարարեց, որ որոշել է՝ այլևս հարցազրույց չկա, որովհետև «մուտիլովշիկ» լրագրողներ կան, ովքեր խեղաթյուրում են ու ինչ կեղտ ու թույն ասեն չեն թափում…

 

Ի դեպ, անկուսակցական պատգամավորը դեռ այն ժամանակ չէր բացառել, որ անդամակցելու է ՀՀԿ-ին՝ նշելով, որ դեռ մտածելու ժամանակ կա:

 

Այսօր արդեն ժամանակը սպառվում է, ու չի կարելի բացառել, որ Ռուստամ Գասպարյանը շուտով կհայտարարի ՀՀԿ-ի շարքերն անցնելու մասին և կպատրաստվի 2017թ.-ի ընտրություններին:

 

Անի Սահակյան