Բեսլանի մոտ ավտոբուսի վթարից տուժածներին տեղափոխող ՌԴ ԱԻՆ օդանավը հոկտեմբերի 14-ին` ժամը 19:01-ին, վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Հայաստան տեղափոխվեց 26 անձ:


Վախեցած ու հոգնած դեմքեր, վիրակապեր, արյուն… Պատմելու շատ բան չկար: Մարդիկ տուն էին շտապում՝ մեկը հարազատի մոտից էր վերադառնում, մեկը հյուր էր, մեծ մասն էլ մի քանի կոպեկ աշխատելու համար էին արտերկիր մեկնել:

 

Նայում ես մարդկանց, լսում դեպքի նկարագրությունն ու վերհիշում նախորդ տարին, երբ Տուլայում կրկին նման վթար տեղի ունեցավ:

 

Վթարի էր ենթարկվել արտոնագիր չունեցող ուղևորափոխադրողը, ինչպես եղավ նաև այս դեպքում:

Պատմությունից սակայն դասեր չեն քաղել պատկան մարմինները: Ամեն դեպքում գործնականում նկատելի ոչ մի քայլ չի կիրառվել: Մի կողմ ենք թողնում այն հայտարարությունները, թե օրենսդրական դաշտը կարգավորվում է:

 

Հայաստանից ՌԴ և հակառակ ուղղությամբ ավտոբուսով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից լիցենզավորված է երկու ընկերություն: Նրանք անցնում են պարտադիր տեխնիկական զննություն, պարտավոր են ունենալ երկու երկրների կողմից կնքված համաձայնագիր և կոնկրետ կանգառներով նշված հստակ երթուղի:

 

Իսկ դաշտում առկա բազմաթիվ ընկերություններն ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներ են: Չունեն պետական լիցենզիա, հետևաբար, պարտադրի ոչ մի կետն էլ չեն անցնում: Վտանգն առկա է յուրաքանչյուր պահի:

 

Այստեղ առկախված է նաև հարցը, թե ինչպե՞ս կսպասարկեն ուղևորին կամ տարատեսակ խնդիրների դեպքում ի՞նչ կարգով տեղի կունենա փոխհատուցում, կամ էլ՝ եթե մեկը վերադարձնում է տոմսը, ապա գումարի ո՞ր մասը հետ կստանա:


Պատկան մարմիններն հայտարարում են, որ իրենք պարտավոր չեն հետևել այս ընկերություններին, որովհետև չկա նման կարգ:


Իհարկե, անվիճելի փաստ է:

 

Ճիշտ այնքան անվիճելի, որքան մի պարզ ու հավաստի տեղեկություն՝ իրականում շատ ընկերություններ գործում են բացառապես վերևների իմացությամբ՝ այսինք վճարելով համապատասխան կլորիկ գումարը, կատարում են իրենց գործը՝ հեռու մնալով օրինական դաշտից, ինչն ենթադրել է տալիս երկար-բարակ թղթաբանություն, հարկեր-տուրքեր…

 

Ստացվում է երկկողմանի խաղի արդյուքնում խաղաքարտին է դրվում հասարակ ուղևորի անվտանգությունը…

 

Ի դեպ, ոլորտի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն հայտարարել է, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում հնարավոր կլինի կանոնակարգումներ կատարել միայն օրենսդրական փոփոխություններից հետո։


Նա նաև չի մոռացել նշել, որ օրենքի նախագիծը ԱԺ-ում է, որ շուտով կվերանայեն և հարցը հնարավոր կլինի կարգավորել…

 

Ինչպես միշտ՝ կան պատրաստ նախադասություններ, որ դեպքից դեպք պատրաստ են կրկնել բոլոր նախարարները:


Անի Սահակյան