Թեև ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների՝ Երևանում անցկացրած գագաթնաժողովն այլևս պատմություն է, ակնհայտ է, սակայն, որ այն շարունակում է մնալ ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում՝ վերլուծելու ինչպես բուն գագաթնաժողովի արդյունքներն, այնպես էլ, որ ոչ պակաս կարևոր է, դրան հաջորդած իրադարձությունները, որ երբեմն կարող են շատ ավելի խոսուն լինել, քան առաջին հայացքից հնարավոր է պատկերացնել:

 

Ինչպես հայտնի է, Երևանում կայացած գագաթնաժողովը հայկական հասարակության ամենալայն շրջանակների կողմից առավելապես կարևորվում էր ղարաբաղյան հարցի կարգավորման համատեքստում, քանի որ գաղտնիք չէ՝ մեր երկրի անվտանգությանը վերաբերող թիվ մեկ խնդիրը հենց չկարգավորված հակամարտությունն է, որ աշխարհում, ու, մասնավորապես, Մեծ Մերձավոր Արևելքում սրված աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում ամեն րոպե սպառնում է պայթել, դուրս գալ վերահսկողությունից: Եվ ահա պարզվում է՝ Երևանից Հնդկաստան ուղևորված Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ. հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարներն ուրբաթ օրը Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը՝ փոխզիջում գտնելու անհրաժեշտության ենթատեքստում: Այնուհետև ընդլայնելով թեման ու, ըստ էության, ցանկանալով համապատասխան «մեսիջներ» հղել համապատասխան հասցեատերերին, Պուտինը, բացելով որոշ փակագծեր, հավելել է, թե իրենց համար կարևոր չէ, թե ԽՍՀՄ այս կամ այն նախկին հանրապետությունը ՀԱՊԿ կազմի մեջ մտնում է, թե՝ ոչ, կարևորն այն է, որ իրենք այդ բոլոր երկրների հետ ունեն հատուկ, պատմականորեն ձևավորված հարաբերություններ, որ չեն կարող հաշվի չառնվել:


Կարծում ենք՝ պետք չէ Էյնշտեյնը լինել հասկանալու համար, թե հատկապես ով կարող էր կոնկրետ հասցեատերը լինել Պուտինի հղած մեսիջի. Բաքուն էր, որին Պուտինը շնչակտուր փորձում է հանգստացնել, հավաստիացնել, որ ո՛չ հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների խորացումը, որի մասին կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Երևանում, ո՛չ էլ որևիցե այլ բան ոչ մի կերպ չեն կարող ուղղված լինել Ադրբեջանի դեմ, քանի որ անկախ ամեն ինչից՝ Ադրբեջանը մնում է եղբայրական հանրապետություն Ռուսաստանի համար՝ պայմանավորված ընդհանուր պատմությամբ և, ինչու ոչ, շահերով: Համաձայնե՛ք՝ ավելի ադրբեջանանպաստ հայտարարություն դժվար էր պատկերացնել:

 

Փորձելով հասկանալ հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի դրսևորած ադրբեջանասիրությունն ու բացահայտել դրա իրական պատճառներն ու ակունքները՝ պետք է եզրակացնենք, որ այդ ամենը պայմանավորված է ոչ թե մի ինչ-որ անբացատրելի սիրո պոռթկումով՝ հանդեպ Ալիևի՝ ծագած Պուտինի սրտում, այլ՝ այն աշխարհաքաղաքական իրողություններով, որոնց պայմաններում Մոսկվան ստիպված է կառուցել իր անդրկովկասյան քաղաքականությունը: Բանն այն է, որ Մոսկվան հրաշալիորեն հասկանում է՝ խուսափելու համար Արևմուտքի կողմից հրահրվող ռուս-թուրքական լայն բախումից, որի անդրկովկասյան դրսևորումը կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության թեժացումն ու դրա՝ Մոկսվայի վերահսկողությունից դուրս գալու վտանգը, հարկավոր է ինչ-որ կերպ չեզոքցնել թուրքական վտանգը, որի լավագույն տարբերակը ռուս դիվանագետները համարում են «բյուզանդական քաղաքականության» իրականացումը. Մոսկվան փորձում է սեփական գրկում խեղդել պոտենցյալ հակառակորդին՝ այդպիսով չեզոքցնելով ԱՄՆ ունեցած լծակները՝ Անդրկովկասում հավելյալ ռազմաճակատ բացելու ընդդեմ Ռուսաստանի:


Ինչ խոսք՝ փաստը, որ Ռուսաստանը խուսափում է Ադրբեջանի հետ ուժի դիրքերից խոսելու ու կոշտացնելու ազերիների նկատմամբ վարվող քաղաքականությունը,ոչ մի կերպ չի կարող բխել հայկական կողմի գլոբալ շահերից, և, ինչպես ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, Մոսկվայի նմանօրինակ մոտեցումը նհաճախ լի է հայկական կողմի համար լրջագույն վտանգներով.մենք, փաստացի,ամեն անգամ ստիպված ենք լինելու բախվել Ղարաբաղը կորցնելու վտանգին,քանի որ ակնհայտ է՝ հարկ եղած դեպքում Մոսկվայում չեն վարանելու հայկական կողմին անընդունելի զիջումներ պարտադրել՝հագուրդ տալու Ալիևի ախորժակին:


Ուստի՝ հարց է ծագում՝ ո՞րն է այս իրավիճակում մեր միակ ելքը կամ ինչո՞վ պետք է մենք պատասխանենք այն մարտահրավերներին, որ ծառանալու են մեր առաջ: Պատասխանը մեկն է՝համընդհանուր, համահասարակական ու համազգային միասնությամբ ու արտաքին վտանգի պարագայում՝ արագորեն բռունցքվելու մեր բացառիկ կարողությամբ: Բոլորիս պետք է պարզ լինի մեկ բան՝ քանի դեռ լրջորեն ձեռնամուխ չենք եղել արցախյան խնդրի խաղաղ կարգավորման համընդհանուր ազգային կոնցեպտի մշակման, քանի դեռ թե՛ հասարակության, թե՛ իշխող վերնախավերի շրջանում միասնական տեսակետ ձևավորված չէ, Հայաստանը շարունակելու է խոցելի մնալ ու նայել գերտերությունների աչքուունքին, թե ով որտեղից ինչ է մեզ պարտադրում կամ լուծման որ տարբերակն է փորձում առաջ տանել: Պետք չէ մոռանալ, որ աշխարհում հաշվի են նստում բացառապես հզորների հետ, ուժն է, որ միջազգային հարաբերություններում ծնում է իրավունք. բռունցքված հայ ժողովուրդը հենց այն միակ ուժն է, որ ընդունակ է պարտադրել աշխարհի հզորներին հաշվի նստել Հայաստանի շահերի հետ ու ոտնատակ չտալ այն, ինչ մեզ համար կենացմահու հարց է:Իսկ այն, որ ազգային համընդհանուր միասնություն ապահովելու գործում հայության համար գոյաբանական նշանակության խնդիրներում մենք միասնական կոնցեպտ մշակելու ու այն առաջ մղելու կարիք դեռևս զգում ենք, պարզ դարձավ մեզ բաժին հասած վերջին փորձությունից, երբ ոմանք,տաքուկ կաբինետներում նստած, արցախյան հարցի լուծման սեփական տարբերակներն էին հնչեցնում, փիլիսոփայում…


Աներկբա է՝ մենք հզոր ենք միայն այն պարագայում, մենք գործոն ենք միայն այն դեպքում, երբ միակամ ենք ու միտված մեկ գերնպատակի՝ ազգային շահերի առաջխաղացման, պաշտպանության. հենց դրանց համընդհանուր գիտակցումն է, որ կարող է մեր փրկության առհավատչյան դառնալ, միակ ելքը բարդագույն այս իրավիճակից. համախմբվել է պետք:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ