Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը անդրադարձ էր կատարել նախկին պայմանագրային զինծառայող Մարատ Շամիրյանի հայտարարությանն այն մասին, որ իրեն բանակից անհիմն են հեռացրել և ապօրինի կերպով իր հեռացման փաստաթղթում գրել են հոգեկան հիվանդության առկայության մասին, ինչը, Մարատի խոսքով, իր նկատմամբ հաշվեհարդար է: 

 

Նախկին պայմանագրային զինծառայողը` Սյունիքի մարզ գործուղման ընթացքում բարձրաձայնելով այնտեղ զինվորների համար նախատեսված անմարդկային պայմանների մասին, հայտնվել էր իր վերադասի ուշադրության կենտրոնում և ժամանակ անց հեռացվել ՊՆ-ից: Մարատ Շամիրյանը բազմիցս դիմել է նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն ապարդյուն: Այժմ արդեն նոր նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման համար ևս մի քանի անգամ դիմել է ՊՆ և նորից անարդյունք, նրան չեն հերթագրել նախարարի հետ հանդիպման համար: 

 

Մարատ Շամիրյանն այսօր գնացել է Պաշտպանության նախարարություն, որտեղ ՊՆ նամակների ընդունման բաժնի պետ Աշիկ Պողոսյանը նրան հերթագրել է հոկտեմբերի վերջ կամ նոյեմբերին նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման համար:

 

Օրեր առաջ էլ Մարատը նամակով դիմել էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին՝ ներկայացնելով իր խնդիրները և իր նկատմամբ տեղի ունեցած հաշվեհարդարը: Նախկին զինծառայողը մեզ տեղեկացրեց, որ այսօր Ռիտա Սարգսյանի կողմից ստացել է նամակի պատասխանը, որտեղ նշված է, որ այս հարցով պետք է դիմել Պաշտպանության նախարարություն: