Երկուշաբթի մեկնարկեց ԱԺ հերթական աշխատանքային արտահերթը և պետք է նշել, որ, որպես կանոն, ՀՀ-ում արտահերթ նստաշրջանը դարձել է բնավորություն և դա ունի իր «հարգելի» պատճառները: Լիագումար քառօրյաներին հայրենի հարգարժան պառլամենտականներն ամեն ինչով զբաղվում են, բացի իրենց բուն գործով (քանիցս ենք տեսել նրանց քնած, իրենց թանկարժեք սմարթֆոններով խաղալիս կամ զրուցելիս, թերևս ամենատարածված տարբերակն ուղղակի ԱԺ պլենար նիստերն արհամարհելն է), տարածված տարբերակ է նաև Աժ-ում ժամավաճառությամբ ու քաղաքական դեմագոգիայով զբաղվելը: Հաճախակի հանդիպում ենք, թե ինչպես է ամենատարրական ու ոչ կարևոր հարցերի քննարկումը վերածվում «կլասիկ ջուրծեծոցիի», իսկ ԱԺ հարթակն օգտագործվում է բացառապես սեփական կուսակցության նախընտրական քարոզչության ու հանրության ուղեղը բթացնելու համար:

 

Հիմա երկու խոսք ընթացիկ արտահերթի մասին. օրակարգային հարցերից թերևս կարելի է առանձնացրել Ընտրական օրենսգրքի քննարկումը, որով նախատեսվում է հրապարակել ընտրողների ցուցակները, սահմանել տեսանկարահանման կարգը և մի նոր ու տարօրինակ դրույթ. սուտ հայտարարություն անելու դեպքում անկախ նրանից, թե ով կլինի այդ անձը, նախատեսվում է քրեական պատասխանատվություն (2-5 տարի): Արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում է այս հարցի քննարկումը, որը հասկանալի է, թե որքան կարևոր է երկրի հետագա քաղաքական «կենսագրության» համար: Ազգի «հանճարեղության» այս կաճառում քննարկումներն անցնում էին դատարկ աթոռների առկայությամբ: Նման քաղաքական գաղջը հուշում է այն մասին, որ իրականում ԱԺ-ում գտնվողները չեն հասկանում, թե իրականում ուր են եկել և որն է իրենց հիմնական անելիքը: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ԱԺ-ն պետք է լուրջ "Format"-ի ենթարկել. հարգելի հաստագլուխները պարտավոր են հասկանալ, որ վեց ամիս հետո նորից գործուղվելու են իրենց կալվածքներ և սկսեն համապատասխան քանակության ձայներ «վիզ դնելու գործընթացը»:

 

ԱԺ այս դատարկության պատկերի ֆոնին հնարավոր չէ որևէ բովանդակային հարց քննարկել, մինչդեռ հենց սա է քաղաքական այն թիվ մեկ հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան քաղաքակիրթ երկխոսություն և առողջ բանավեճ: Փաստացի կարելի է համաձայնել, որ հասարակությունը հոգնել է նույն դեմքերն անընդհատ տեսնելուց, որոնք բացառապես ոչ մի նոր ու թարմ գործողությամբ աչքի չեն ընկնում: Մաշված ու շաբլոն դեմքերը հիմնականում խոսում են նույն գծի մեջ` անընդհատ շեշտելով նույն թեզերը: Դաշտի թարմությունը և նոր մարդկանցով համալրելը առաջին հերթին անհրաժեշտ է հանրության առողջ հատվածի համար:

 

Հ.Գ. Ընտրական օրենսգիրքն ընդունվեց 104 կողմ ձայնով, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԱԺ-ն դասական դակիչ մարմին է և ուղղակի գործադիրի կցորդ: Առանց որևէ խոչընդոտի 20 րոպեում «դակեց» 15 օրեսնդրական նախագիծ:

Արտակ Աբովյան