Արդյոք ովքե՞ր են…
Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…
Արդեն 4 տարի է 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում է 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…
Քանի որ, հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել պատգամավոր առ պատգամավոր՝ ներկայացնելով նրանց անցած ուղին:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում այս անգամ հայտնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը:
Վերջինը ծնվել է 1964թ. սեպտեմբերի 23-ին Վրաստանի Հանրապետության Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում:
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981թ. ընդունվել է Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ: 1990թ. ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ֆակուլտետը: Արդյունաբերական եւ քաղաքացիական շինարար է:
1988-1989թթ. աշխատել է Ռուսաստանի Դաշնության Կալուգայի «Արմենիակալուգաշին» շինարարական վարչության պետի տեղակալ, իսկ 1991-2003թթ, որպես՝ պետ:
2008թ. ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալը եւ գործադիր տնօրենն է:
2012թ. «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ է:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Վիրահայ պատգամավորի մասին գրվելիքը հակիրճ է:
Նախևառաջ, քանի որ այդ տարիներին նրա պատգամավորական աշխատանքային գործունեության մասին՝ ասելիք չկա:
Միշտ սուս, միշտ լուռ, անխոս պատգամավոր, ով գրեթե չի բացակայել նիստերից՝ քվերակության ժամանակ առնվազն մեկ կողմն ապահովելով:
Ինչու եմ ասում առնվազն, որովհետև բոլորս ենք քաջատեղյակ, որ շատ ու շատ պատգամավորներ քվերակում են բացակա ընկերների փոխարեն, իսկ Սոֆոյանի նման պարտաճանաչը դժվար թե չօգնի հանարապետականին` մեկ ավել ձայն ստանալու գործում:
Իսկ հիմա թվերի լեզվով.
Parliamentmonitoring.am կայքի տվյալներով պատգամավորը 4 տարիների ընթացքում ոչ մի հարց չի տվել, ելույթ չի ունեցել, փոխարենը ռեկորդակիր է նիստերին ներկայանալու հարցում՝ ունի ընդամենը 9 բացակա:
Ռեկորդային թվերը սրանով չեն սահմանափակվում: Պատգամավորական գործունեության ընթացքում նա հասցրել է 821 անգամ կողմ քվեարկել, 8 անգամ դեմ, ճիշտ այդքան էլ չի քվերակել և ընդամենը մեկ անգամ ձեռնպահ է մնացել:
Նման տվյալներով մեկ այլ պատգամավոր գտնելը բարդ է, և ավելի քան ակնհայտ է դառնում, որ լռիկ-մնջիկ Սոֆոյանը ԱԺ է եկել բացառապես «կողմ» կոճակը սեղմելու համար:
Ամեն դեպքում, ինչպե՞ս է նա հայտնվել ԱԺ-ում: Հարցի պատասխանը փնտրել են շատ լրատվականներ, փորփրել նրա կենսագրությունն ու պարզել, որ Սոֆոյանը բավականին լուրջ հովանավոր ունի:
Պարզվում է՝ Սոֆոյանին ԱԺ մուտք գործելու հարցում օգնել է Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամվելը, ում հետ վաղեմի մտերիմներ են:
Նաև նշվում է, որ խորհրդարանի կուլիսներում ոմանք խոսում են, թե վիրահայերը որոշակի ֆինանսական ներդրումներ են կատարել, որպեսզի իրենց մարդը դառնա պատգամավոր եւ պաշտպանի վիրահայերի շահերը:
Թե՞ ինչքանով է հաջողվել դա Սոֆոյանին գիտեն նույն վիրահայերը, ովքեր, մեր տեղեկություններով, դեռ սատարում են նշված անձին՝ դեմ չլինելով նրան տեսնել նաև 2017-ին ձևավորվելիք խորհրդարանում:
Խնդիրն այն է, որ մենք՝ տեղացիներս, ոչ մի օգուտ չենք ստացել հիշյալ պատգամավորից:
Անի Սահակյան