Ինչպես հայտնի է, արդեն հոկտեմբերի 20-ին ԱԺ քննարկմանն է ներկայացվելու նորաթուխ կառավարության ծրագիրը, որն էլ հաստատվելուց հետո դառնալու է այն հիմնական փաստաթուղթը, որի վրա հիմնվելով՝ Կարապետյանի թիմը փորձելու է կառուցել իր տնտեսական քաղաքականությունը: Պետք է նշել, որ դրանում տեղ գտած հիմնադրույթները բավական գրավիչ են ու խոսում են այն մասին, որ կառավարության բուն նպատակն է եղել՝ այն հնարավորինս մարդակենտրոն դարձնելը՝ սեփական ուշադրությունը կենտրոնացնելով այն բոլոր սոցիալական հիմնախնդիրների վրա, որոնք ամենաշատն են հուզում հասարակությանը:

 

Իհարկե, հարցը թե որքանով է կառավարությանը հաջողվելու լիարժեքորեն կյանքի կոչել ներկայացրած ծրագիրը, դեռևս հարցական է, քանի որ, ինչպես կյանքն է ապացուցում, մի բան է ինչ-որ հիմնադրույթներ գրավոր կերպով շարադրելը, և բոլորովին այլ բան՝ դրանք իրականացնելը: Համենայն դեպս՝ հանրության դառը փորձը հուշում է՝ոչ միշտ է, որ պրակտիկան կարող է բխել տեսությունից:


Բայց, որքան էլ տարօրինակ կարող է հնչել,Կարապետյանի կառավարության մշակած ծրագիրն ամենևին էլ իր հիմնադրույթների պատճառով չէ, որ բավական լայն քննարկման առարկա է դարձել հատկապես հայկական ԶԼՄ-ներում. ոմանք նրբանկատորեն իրենց ուշադրությունը կենտրոնացրել եմ մեկ այլ՝ առաջին հայացքից անկարևոր թվացող իրողության վրա: Պարզվում է՝ ի տարբերություն նախորդ կառավարությունների կողմից ներկայացրած ծրագրերի՝ այս մեկում ուղղակիորեն բացակայում է հղումը նախագահի նախընտրական ծրագրին, ու ոչ մի խոսք այն մասին, թե հատկապես նախագահի ծրագրի, որ դրույթները կարող էին արտացոլված լինել ծրագրի այս կամ այն կետում: Ակամա տպավորություն է ստեղծվում, թե նախագահին դիտավորյալ են անտեսել՝ ընդգծելու Կարապետյանի ինքնիշխան լինելու հանգամանքը:


Իսկ այն հարցի պատասխանը, թե հատկապես ինչի հետ կարող է կապված լինել այս՝շատերի համար ոչ անկարևոր փաստը, կարծում ենք, առավել քան պարզ է. կառավարությունում, ըստ էության, գցել-բռնել են ու որոշել, որ իմաստ չուներ գնացող նախագահի անունն ավելորդ անգամ հոլովել մի փաստաթղթում, որի հետ նախագահը շատ քիչ առնչություններ ունի. սա, եթե կուզեք, խորհրդարանական կարգերի ոգուն համապատասխանող մի ծրագրային փաստաթուղթ է, յուրատեսակ փորձ՝ ադապտացնելու երկիրը նոր իրողություններին, ուր նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են լինելու:


Լա՞վ է դա, թե՞ վատ, ճի՞շտ էր, արդյոք, երկիրը դարձնել խորհրդարանական կառավարման մոդել ունեցող հանրապետություն, թե՞, այնուամենայնիվ, պատերազմող ու բազում փորձությունների մեջ գտնվող ժողովրդի համար խորհրդարանական կառավարման մոդելը կարող է մի նոր փորձություն դառնալ, առանձին հարց է, բայց այն, որ նախագահական ինստիտուտը, ի տարբերություն այլ ինստիտիտուտների, շատ ավելի կայացած էր մեզանում, անհերքելի իրողություն է. այն յուրատեսակ համախմբող դեր էր կատարում հանրության համար՝ մի բան, որն այնքան անհրաժեշտ է Հայաստանին այս դժվարին օրերին, երբ երկիրը ստիպված է բախվել զանազան մարտահրավերների:


Եվ ուրեմն՝ միանգամայն տեղին հարց կարող է առաջանալ յուրաքանչյուր մեկի մոտ,ով իրեն երկրի անքակտելի մասնիկ է համարում՝ ի՞նչ է առաջարկվում մեզ այս ամենի դիմաց կամ ի՞նչ ենք ձեռք բերելու մենք՝ հրաժարվելով Հայաստանի համար ավանդական դարձած կառավարման մոդելից: Իսկ պատասխանն առավել քան հուսահատեցնող է՝ ոչ մի նորմալ բան:

 

Այն, ինչ փաստեցին վերջին ՏԻՄ ընտրությունները, բավական է, որպեսզի բոլորի համար պարզ դառնար, որ մենք դեռևս պատրաստ չենք խորհդարանական կառավարման մոդելին անցնելուն: Իշխանությունների տոկոսային խաղերը, ռեյտինգ-մեյտինքները, որ ծառայեցվեցին բացառապես ՀՀԿ-ի գերիշխանությունը հավերժացնելու համար, ապացուցում ու փաստում են այն ճշմարտությունը, որ կառավարման խորհրդարանական մոդելի ներդրումը մեր պարագայում դառնալու է ոչ թե առաջընթաց, այլ՝ իսկական հետքայլ՝ ոչ միայն ժողովրդավարության տեսանկյունից, այլև, որ ամենակարևորն է, անվտանգության. պետք չէ մոռանալ, որ մենք պատերազմող երկիր ենք ու ցանկացած ներքին ցնցում կարող է վճռորոշ լինել մեր փխրուն պետականության համար (եթե հաշվի առնենք, որ ՏԻՄ ընտրությունները խորհդարանական ընտրությունների յուրօրինակ նախերգանքն էին, ապա պարզ է դառնում՝ սպասվող ընտրությունների հետ որևիցե հույս կապելն անիմաստ է):


Բայց եղածն արդեն եղած է, ու ուզած-չուզած պետք է մտածել, թե ինչ է պետք անել՝ պատրաստ լինելու այն նոր ռեալներին, որոնք վաղն են հաստատվելու: Անկասկած, հարկավոր է ուժ գտնել, կամք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին թույլ չտալու այն անարխիան, որ տիրում էր ՏԻՄ ընտրություններին: Ասել կուզի՝ մեզ որակապես այլ ընտրություններ են հարկավոր, այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքներն անվիճարկելի կլինեն հանրության կողմից, ու որոնք կդառնան իրական արտացոլանքը հասարակության շրջանում իշխող քաղաքական հայացքների ու տրամադրությունների, հակառակ պարագայում հայտնվելու ենք չավարտվող կոլապսի հորձանուտում, որ կարող է կործանարար լինել Հայաստան պետության համար:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ