Անկասկած, ներկայումս հանրությանը հուզող թիվ մեկ թեմաներից մեկը՝ վերաբերող երկրի ներքին կյանքին, կառավարության ներկայացրած ծրագիրն է, որից էլ, խոշոր հաշվով, կախված է լինելու այն հարցի պատասխանը, թե առաջիկայում հատկապես որ ուղենիշով է մեր երկիրը զարգանալու: Պետք է նշել, որ չնայած ծրագրի ինչ-ինչ դրական կողմերին, փաստաթուղթը ոչ միանշանակ գնահատականների է արժանացել՝ պայմանավորված հատկապես այն բացթողումներով, որ տեղ են գտել դրանում՝ ի հեճուկս ունեցած ակնկալիքների: Խորքային հայացք նետելով կառավարության ծրագրին՝ հասկանում ես, որ հատկապես անվտանգությանը վերաբերող հարցերում փաստաթուղթը բավական մակերեսային լուծումներ է առաջարկում. դրանք մակերեսային են հատկապես Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում ու չեն բխում այն իրողություններից, որում Հայաստանն ու Արցախը ստիպված են գոյատևել: Պետք չէ մոռանալ, որ որքան էլ գեղեցիկ ու «հյութեղ» տեսք ունենան ծրագրային հիմնադրույթներն ու խոստումնալից հնչեն, դրանք ոչինչ են, եթե հարցականի տակ է առնված երկրի անվտանգությունն ու պատշաճ ուշադրություն դարձված չէ Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունեցող արցախյան խնդրին. հենց սրանից է կախված լինելու այն հարցի պատասխանը, թե մեզ արդյոք կհաջողվի՞ իրական առաջընթաց ապահովել երկրում, թե՞ շարունակելու ենք դոփել տեղում՝ առանց որևիցե լուրջ հեռանկարի:

 

Իսկ այն, որ Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագրի ամենախոցելի կողմերից մեկը հենց Արցախի անվտանգությանը վերաբերող հիմնադրույթների բացակայությունն է, պարզ է դառնում հենց այն պահից, երբ ձեռքդ ես վերցնում փաստաթուղթը. ոչ մի կոնցեպտուալ, համապարփակ դրույթ՝ վերաբերող հայոց պետականության պատվարը հանդիսացող Արցախին, այնտեղ չես գտնի:Մասնվորապես՝ բաց է մնում այն հարցը, թե հատկապես ինչ հիմքի վրա են զարգանալու Հայաստանի ու Արցախի միջև հանդիսացող հարաբերություններն ու ինչ իրավապայմանագրային հիմքի վրա է հիմնվելու երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցությունը. ոչ մի խոսք կողմերի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համապատասխան միջպետական պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին գոյություն չունի: Ասել կուզի՝ կառավարության ծրագրում ղարաբաղյան խնդրին խորքային ուշադրություն դարձված չէ:


Թե հատկապես ինչով կարող է այս հանգամանքը պայամնավորված լինել, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ. դժվար թե այնտեղ չեն գիտակցում այս խնդրի ողջ կարևորությունը մեր երկրի համար: Եթե ոմանք կարծում են, թե Ալիևը հրաժարվել է Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակից, ապա չարաչար սխալվում են, քանի որ Ալիևի՝ վերջերս Կիսիլյովին տրված հարացազրույցը բավական է, որպեսզի պարզ դառնա՝ ապրիլյան դեպքերի կրկնությունը՝ շատ ավելի ողբերգական երանգներով, ամենևին էլ օրագարգից հանված չէ, իսկ նոր ու ավելի լայնամասշտաբ պատերազմի բռնկումը միայն ժամանակի հարց է. ազերիները ոչ մի կերպ տրամադրված չեն զիջումների գնալու ու շարունակում են պնդել իրենց կեղծ թեզերը: Հետևաբար՝ ցանկացած ծրագիր՝ համապետական նշանակության, նախևառաջ պետք է բխեր այն ռեալներից, որում ստիպված է գոյատևել Հայաստանն, ինչը, ցավոք, չենք կարող ասել կառավարության ծրագրի մասին: Իսկ ինչ վերաբերում է ազգ-բանակ կոնցեպտին, որի մասին խոսք է գնում կառավարության ծրագրում, ապա պետք է ասել, որ չնայած այն բավական գրավիչ է թվում, սակայն համեմատաբար երկարաժամկետ հեռանկարի համար է նախատեսված ու, ասենք, մի քանի ամսում իրականացնելու ծրագիր չէ այն, և սա այն պարագայում, երբ Արցախն ու Հայաստանը բառացիորեն ամեն օր ստիպված են լինում բախվել Ադրբեջանի ռազմական ագրեսիային՝ դրսևորվող բոլոր ճակատներում: Ուստի՝ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե հատուկ տողով շեշտվեր Արցախի ու Հայաստանի միջև ռազմական փոխգործակցության մասին պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կընձեռեր՝ խուսափելու այն խառնաշփոթից, որ տիրում էր ապրիլյան պատերազմի օրերին:


Թե ինչ ճակատագիր կունենա Կարապետյանի կառավարության ներկայացրած ծրագիրը, անշուշտ, ցույց կտա ժամանակը, բայց, որ այն կյանքի կոչելու համար մեզ տրված ժամանակը սուղ է, փաստ է. հարկավոր է ուժերի ողջ լարմամբ աշխատել ու երկիրը պատրաստել այն լրջագույն փորձություններին, որ առաջիկայում ծառանալու են նրա առաջ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթակներում. ժամանակ քիչ ունենք...


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ