Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ երկու հայտարարությամբ: Առաջին նախագահի նախօրեի հայտարարությունն ուներ հակակոռուպցիոն բնույթ: Տեր-Պետրոսյանի առաջարկությունների մասնագիտական գնահատականը վերապահենք մասնագետներին, իսկ մենք նկատենք, որ առաջին նախագահի օրակարգում առաջնային են դարձել տնտեսական խնդիրները, որոնք այնքան էլ մեծ տեղ չեն ունեցել քաղաքական գործչի նախորդ տարիների ելույթներում:

 

Ենթադրել կարելի է, որ Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունների ժամանակագրությունն ու բովանդակությունը պայմանավորված են կառավարության փոփոխությամբ, գուցե նաև անձնավորված են՝ պայմանավորված վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմամբ:

 

Տարբեր պատճառներով կառավարության փոփոխությունը խախտել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական անդորրը: Մի քանի ենթադրություն կարող ենք անել, որոնցից յուրաքանչյուրը որոշակի հիմք ունի: Ըստ ամենայնի՝ անցած ամիսներին առաջիկա ընտրությունների և հետընտրական կոնֆիգուրացիայի հարցերում որոշակի պայմանավորվածություններ են եղել Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև ու հիմա վերջինս կարծում է, որ նոր «խաղացողի» հայտնվելով վտանգված են ստատուս քվոն և այդ պայմանավորվածությունները: Ընդ որում՝ այս վարկածի տրամաբանությունը շատ հստակ է. եթե Կարեն Կարապետյանի կառավարությունը հաջողում է, ապա իշխանությունը «քաղաքակրթվում» է սեփական ուժերով և առաջիկա ընտրություններում ամենևին չի ունենալու Տեր-Պետրոսյանի թիմի շնորհիվ «քաղաքակրթվելու» անհրաժեշտությունը:

 

Կարեն Կարապետյանի ձախողումը, սակայն, դարձյալ չի տեղավորվում Տեր-Պետրոսյանի ծրագրերում, որովհետև դա ինքնաբերաբար ենթադրելու է քրեաօլիգարխիայի ռևանշ՝ վերջնականապես չեղարկելով Սարգսյան-Տեր-Պետրոսյան պայմանավորվածությունները:

Ստեղծված իրավիճակում Տեր-Պետրոսյանն ընտրել է միջանկյալ լուծում. նա որոշել է զրոյացնել Կարեն Կարապետյանի քաղաքական նշանակությունը՝ աննշան դարձնելով նրա հնարավոր հաջողության կամ ձախողման հետևանքները:

 

Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում առաջին նախագահը հրապարակավ կառավարության համար սահմանելու է այնպիսի նշաձող, որն անհաղթահարելի կլինի Կարեն Կարապետյանի կաբինետի համար: Քաղաքական այս կամպանիան Տեր-Պետրոսյանն իրականացնելու է անձամբ, շրջանցելով ՀԱԿ-ին, որովհետև հասկանում է, որ իր հարազատ կուսակցության ուժերից վեր է անգամ կառավարության շենքի պահակի հարցը լուծել: 

 

Ըստ մեկ այլ վարկածի՝ Տեր-Պետրոսյանի «տնտեսական ակտիվությունը» Սերժ Սարգսյանի հետ նրա ունեցած պայմանավորվածությունների անքակտելի մասն է: Ըստ այս թեզի՝ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը պայմանավորվել են վերացնել այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել համատեղ պլանների իրականացմանը: 


Եթե այս տրամաբանությունը կյանքի իրավունք ունի, ապա Տեր-Պետրոսյանը հենց այն հրապարակային «մահակն» է, որը կախված է Կարեն Կարապետյանի գլխին, եթե նա ժամանակի ընթացքում հանկարծ որոշի ինքնուրույն գործել՝ Սերժ Սարգսյանի ազդեցությունից դուրս:

 

Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանն անցած ութ տարիներին ապացուցել է, որ կարողանում է հընթացս դաշնակիցներ փոխել, երկխոսել Սերժ Սարգսյանի հետ, ապա եռյակ-քառյակ ֆորմատով պահանջել նրա հրաժարականը: Ամեն դեպքում՝ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը հրաշալի տիրապետում են շախմատին և առայժմ շախմատային տախտակի վրա իրենց պատկերացնում են միայն «արքայի» կարգավիճակում: Այդ «արքաների» առանձնահատկությունն ու մյուս խաղաքարերի ողբերգությունն այն է, որ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանն իրենց շրջապատներում միայն «զինվորների» են տեսնում, որոնցից յուրաքանչյուրը կարող է զոհաբերվել ցանկացած պահի:


Սա շատերին պետք է մտահոգի, հատկապես՝ Կարեն Կարապետյանին:


Սարգիս Հակոբյան