Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրային հիմնադրույթները շարունակում են գտնվել ինչպես հանրության, այնպես էլ փորձագիտական ամենալայն շրջանակների ուշադրության կենտրոնում. բոլորը  փորձում են հասկանալ, թե տեսանելի ապագայում երկրի զարգացման` հատկապես ի՞նչ ուղիներ են նախանշվել այս բավականին հակիրճ փաստաթղթում: Չնայած փաստաթղթի լակոնիկությունը սկզբից ևեթ հիմնականում դիտարկվում էր որպես առավելություն, բայց պետք է նշել, որ այդ հանգամանքն, ըստ էության, բացասականորեն է անդրադարձել որոշ ծրագրային դրույթների բովանդակային մասի վրա՝ տալով այդ ամենին խիստ սահմանափակ տեսք:


Մասնավորապես՝ լրջագույն հարցեր է առաջացնում ծրագրի՝ հատկապես երիտասարդությանը վերաբերող հատվածն, ուր, ըստ էության, ոչ համապարփակ մոտեցում է ցուցաբերված երիտասարդներին ու նրանց հուզող խնդիրներին: Ոլորտի հիմնախնդիրները հստակ սահմանելու ու դրանց լուծման համար անհրաժեշտ ուղիներ ու գործիքակազմեր նախանշելու փոխարեն՝ համապատասխան հատվածում խոսք է գնում ընդամենն ինչ-որ շարժունակության բարձրացման, միջազգային երիտասարդական համագործակցության զարգացման ու էլի նմանատիպ բաների մասին. ո՛չ մի խոսք ներկայիս հայ երիտասարդությանը հուզող առաջնային խնդիրների մասին գոյություն չունի ծրագրում, դրանում տեղ գտած դրույթները հստակ աղերսներ չունեն այն հիմնախնդիրների հետ, որոնք ամենաշատն են հուզում Հայաստանում ապրող ու արարող երիտասարդներին:


Այն իրողությունը, որ երիտասարդությունը մեր հասարակության ամենախոցելի խավերից է հանդիսանում, ցավալի, բայց վաղուց արդեն անվիճելի դարձած իրողություն է: Այսօր Հայաստանի երիտասարդության առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են՝ սկսած գործազրկությունից մինչև բնակարանային հարցեր, երկրի հասարակական-քաղաքական կյանքում առավել լայն ընդգրկվածության բացակայությունից՝ գիտակրթական հիմնախնդիրներ: Ցավոք, մեզանում մինչ օրս շարունակում է գերխնդիր մնալ երիտասարդության՝ երկրի ներսում կայանալու հարցն, ինչը դրդում է շատերին սեփական ապագան տեսնել ոչ թե Հայաստանում, այլ՝ դրա սահմաններից դուրս: Այն երիտասարդը, որը չի պատկանում հասարակության արտոնյալ խավին, իր կայացման ճանապարհին հաճախ է ստիպված լինում բախվել միանգամայն արհեստածին խնդիրների, որոնք հիասթափեցնում ու թևաթափ են անում նրան՝ մղելով արտագաղթի: Իսկ այս ամենն արդյունքն է այն բանի, որմեզանում դեռևս ստեղծված չեն այն մեխանիզմները, որոնք կերաշխավորեին հավասար մեկնարկային պայմաններ յուրաքանչյուր երիտասարդի համար՝ անկախ արտաքին հանգամանքներից:


Հայաստանի երիտասարդությանը ներկայում հուզող խնդիրների գերակշիռ մասը կրում է ընդգծված սոցիալական բնույթ: Իրողություն, որ, ցավոք, միայն հասարակության այս շերտի վրա չէ, որ տարածվում է:

 

Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ կառավարության ծրագրում արտացոլված չեն  բոլոր այն հիմնախնդիրները, որոնց միայն մի մասն է այն ամենն, ինչի մասին խոսվեց վերևում: Վերջիվերջո, կառավարությունն ունի՞ հստակ պատկերացում, թե առաջիկայում որոնք են լինելու այն հիմնական ուղղությունները, որոնցով թիրախավորված աշխատանքներ են տարվելու երիտասարդության վիճակը բարելավելու, նրա ներգրավվածությունը Հայաստանի ապագայի կերտման գործում մեծացնելու ուղղությամբ, ինչն, անշուշտ, ռազմավարական նշանակության հարց է: Անկեղծ ասած՝տպավորություն է, որ ո՛չ, ոչ մի հստակ տեսլական երիտասարդության վերաբերյալ գոյություն չունի, իսկ կառավարության ծրագիրն էլ կազմվել է ինչ-որ ծերակույտի կողմից, որի համար Հայաստանի երիտասարդ քաղաքացիների հիմնախնդիրները բացարձակապես ոչ մի նշանակություն չունեն:


Եվ ուրեմն՝ ի՞նչ է մնում անել երիտասարդներին՝ սեփական ձայնն առավել լսելի դարձնելու համար.միակ ելքը համախմբվածություն դրսևորելն ու միավորվելն է՝ դառնալու իրական գործոն, որ շոշափելի ազդեցություն կունենա երկրում ընթացող հասարակական-քաղաքական պրոցեսների վրա, կդառնա այն իդեալների կրողն ու պրոպագանդողը, որոնց շնորհիվ է հնարավոր լինելու միանգամայն նոր Հայաստանի կերտումն ու կայացումը: 

 

Կառավարական ծրագրերի հետ հույս կապելն, ինչպես կյանքն է բազմաթիվ անգամներ ապացուցել, անհույս զբաղմունք է: Ժամանակի անխնա վատնում…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ