Երբ սեպտեմբերին կառավարությունը փոխվեց, ակնհայտ էր դրա անուղղակի կապն ապրիլյան պատերազմի և հուլիսյան իրադարձությունների հետ: Չնայած դրան՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, ովքեր բնազդաբար վախենում են քաղաքական գործընթացում հանրային գործոնի բաղադրիչից, կտրականապես հերքում են այս վարկածը, պնդելով, թե փոփոխությունները հետևանք են ոչ թե ապրիլյան և հուլիսյան իրադարձությունների, այլ  Սերժ Սարգսյանի՝ դեռևս փետրվարյան ելույթի: Մինչդեռ արտաքին լսարանի համար Հայաստանի իշխանությունների գնահատականները շատ ավելի իրատեսական ու ռացիոնալ են: 

 

«Մեզ անհանգստացնում է այն արձագանքը, որ նրանք գտան հասարակության մեջ: Անշուշտ, այս կապակցությամբ նշեմ, որ կառավարությունը փոփոխվում է, մենք փորձում ենք արձագանքել հասարակության պահանջներին»,- ԱՄՆ-ում Հայաստանին նվիրված ներդրումային համաժողովի օրերին հուլիսյան իրադարձությունների և կառավարության փոփոխության կապն այսպես է հիմնավորել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Մեր իշխանությունները դարձել են երկակի ստանդարտների կրողներ: Արտերկրում նրանք «կաշվից դուրս են գալիս»՝ ցույց տալու համար, որ գործում են բացառապես հանրային կարծիքի թելադրանքով:

 

Հանուն դրա՝ պատրաստ են կառավարություն զոհաբերել: Հանուն ընդդիմության հետ համաձայնությունների, Հայաստանի իշխանությունը նույնիսկ իրեն թույլ է տալիս հակադրվել Վենետիկի հանձնաժողովին:

 

Մի խոսքով՝ արտաքին աշխարհում ձևավորվում է Հայաստանի իշխանության միանգամայն տոլեռանդ կերպար:

 

Փույթ չէ, որ նույն այդ իշխանությունը երկրի ներսում զրոյացրել է հասարակության գործոնը՝ բացառելով նրա դերը ոչ միայն համակարգային բարեփոխումներում, այլ նույնիսկ  տեղական իշխանություն ձևավորելու հարցում:

 

Ի՞նչ արժե օրինակ ԸՕ-ի բարեփոխումը, եթե իշխանությունները մոգոնել են ընտրական գործընթացները վերահսկելու նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում իշխանության վերարտադրությունը՝ եթե նույնիսկ Վանաձորում ՀՀԿ-ն ֆորմալ մեծամասնություն չունի ավագանիում:

 

«Դրսում քահանա, ներսում՝ սատանա»՝ ժամանակին ասում էին ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին:  Սա բնորոշ է նաև Հայաստանի այսօրվա իշխանություններին:

 

Սարգիս Հակոբյան