Արդյոք ովքե՞ր են…

 

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց՝ օրենքներ են ընդունում ու մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում:

 

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար:

 

Քանի որ հաշված ամսիներ են մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ մեկ առ մեկ ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը անկուսակցական և որևէ խմբակցությունում չընդգրկված Արայիկ Գրիգորյանն է:

 

Ծնվել է 1963թ. մայիսի 10-ին, Արարատի շրջանի Ավշար գյուղում:

 

1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ է:

 

1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:

 

1989թ. աշխատել է Արարատի շրջանի հարկային տեսչությունում՝ որպես ավագ տեսուչ: 1991-1994թթ. զբաղվել է մենատնտեսությամբ: 1995 թվականից՝ Արարատի մարզի Ավշարի գինու գործարանի խորհրդի նախագահ:

 

2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

 

2007-2012թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): 19.06.2007-11.07.2008թթ.՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.՝ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից:



Որևէ կուսակցությունում չընդգրկված պատգամավորն առավել հայտնի է «Ավշարի Արայիկ» անվամբ: Հայտնի գործարար է: Սակայն մինչ նրա բիզնես-կյանքի մասին խոսելը, նախ անդրադառնանք պատգամավորական գործունեությանը:

 

Հակիրճ:

 

Parliamentmonitoring.am կայքի տվյալներով՝ մինչ օրս պատգամավորը տվել է 0 հարց, ունեցել 0 ելույթ: Փոխարենը շատ ակտիվ քվեարկել է ու գրեթե միշտ կողմ` 638 անգամ: Դեմ է քվերակել` 7, ձեռնպահ մնացել՝ 1 անգամ: 201 անգամ էլ նիստերին չի ներկայացել…

 

Անխոս, թվերն առավել քան խոսուն են:

 

Պատգամավորը չի փայլում իր հարցազրույցներով, եթե, իհարկե, արտակարգ առիթ չկա, որը նրան գինովցած կբերի խորհրդարան:
Օրինակ՝ 2015թ.-ի մայիսին նա աշխատանքի էր շտապել ոչ սթափ վիճակում: Լրագրողները դա նկատել էին, տեսանկարահանել, որի ընթացքում, ի դեպ, մի երիտասարդ ակտիվորեն փորձում էր «ձեռք քաշել տալ» պարոն Գրիգորյանից՝ անհասկանալի խոստումներ տալով:

 

Լրագրողները, սակայն, անդրդվելի էին: Տեսանյութը տարածվեց,  հասավ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին, և պատգամավորը կոպիտ նկատողություն ստացավ՝ բանավոր տեսքով:

 

Նույն տարվա նույն ժամանակահատվածում պատգամավորը կրկին աչքի ընկավ, ու կրկին՝ ոչ օրենսդրական քայլերով:

 

Մեջբերեմ նույն մայիսին հրապարակված լուրից մեկ հատված.
«Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար, 51-ամյա Վարդգես Ղազարյանի եղբայրը՝ ԲՀԿ-ական Վազգեն Ղազարյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը («Ավշարի Արայիկ») ամեն ինչ անում է, որպեսզի «իր մարդը»՝ Կարո Կարապետյանը, դառնա գյուղապետ: Վ. Ղազարյանի հավաստմամբ՝ այժմ գյուղում շատ լարված մթնոլորտ է, քանի որ Ա. Գրիգորյանը փորձում է ընտրություններում իր ցանկալի արդյունքներին հասնել գյուղացիներին ահաբեկելու միջոցով…»:

 

Երևի թե մարդկանց ահաբեկելով, աջ ու ձախ իր պատգամավորական մանդատը թափահարելով էլ պարոն պատգամավորը դիզել է իր միլիոնները, որին մամուլն անդրադարձել է բազմիցս:

 

2012-ին, երբ պատգամավորը 3-րդ անգամ ստացավ մանդատը, Երևանում ուներ 2 բնակարան՝ 171.4 և 198.1քմ մակերեսներով, ավտոկայանատեղի, ինչպես նաև մոտ 25 հա խաղողի այգի՝ Արարատի մարզի Այգավան գյուղում, այգեգործական հողամաս՝ Ուրցաձոր գյուղում, մի քանի հեկտարի հասնող հողամասեր և 679.31քմ մակերեսով բնակելի տուն ու տնամերձ հողամաս՝ հայրենի Ավշար գյուղում:

 

Ըստ Ավշարի գինու գործարանի սեփականատիրոջ հայտարարագրի՝ նա Ավշար և Մխչյան գյուղերում ուներ ևս 4399.3քմ մակերեսով շինություն և 4.47 հա հողատարածք:

 

2012թ.-ի մարտի 1-ի դրությամբ Արայիկ Գրիգորյանն ուներ 1 միլիարդ 2 միլիոն 300 հազար դրամ և 864 հազար դոլար, որը, եթե համեմատում էին նախորդ տարիների հետ՝ աճն ակնհայտ էր դառնում. միլիոններն անընդհատ աճել են ու աճում են:
Կարողությունը պահելու համար պատգամավորին թերևս անհրաժեշտ է 4-րդ անգամ մանդատ ստանալ:

 

Արայիկ Գիրգորյանը չի բացառում, որ նա նոր խորհրդարանում կլինի հանրապետականի հետ:

 

Երբ քննարկվում էին Սահմանադրական փոփոխությունները, Արայիկ Գրիգորյանը մեկն էր այն պատգամավորներից, ով հանդիպեց նախագահ Սարգսյանի հետ, ապա հարցազրույց տալով՝ նշեց, որ ՀՀԿ-ն է լինելու այն կուսակցությունը, որի հետ կմասնակցի ընտրություններին:

Անի Սահակյան