Ինչ-որ չեմ հիշում, որ ՀՀԿ-ն շաբաթվա մեջ ԳՄ-ի երկու նիստ հրավիրեր: Երևի պատմական ժամանակներ են, և հնգամյա-քառամյա պլանները շաբաթական երկու անգամ կուսակցական ճշգրտումների անհրաժեշտություն ունեն: Համակարգային տրանսֆորմացիայի առաջին փուլն ավարտված է` կառավարությունը կազմ ու պատրաստ է՝ նոր նախարարներով և ծրագրով: Սեպտեմբերի 9-ից առ այսօր Հայաստանի քաղաքականությունը պտտվում է բացառապես մեկ անձի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Այսպես է լինելու նաև առնվազն մինչև նոյեմբերի 26-ը, երբ «նոր ոգին» կմտնի ՀՀԿ՝ «մոդեռնիզացնելով արխայիկ ցեղակրոնությունը»: Ամբողջ խնդիրն այն է, որ ամբողջ քաղաքականությունը պտտվում է մեկ անձի շուրջ, ով կատարող էր մինչև երեկ և կատարող է լինելու նաև մինչև նոյեմբերի 26-ը:

 

«Նոր ոգին» ոչ թե Կարեն Կարապետյանն է, այլ` նրա քաղաքակիրթ դեմքի տակ թաքնված Սերժ Սարգսյանը, ով ձգտում է սեփական իշխանության վերարտադրությանը: Այս համատեքստում միանգամայն համաձայն եմ Էդուարդ Շարմազանովի հետ, որ ՀՀԿ նոյեմբերի 26-ի համագումարում սենսացիաներ չեն լինելու: Ինտրիգներն էլ կանխատեսելի և թաքնված են Կարեն Կարապետյանի հանրապետականացման և կանոնադրական փոփոխությունների օրակարգային գործընթացում: Սերժ Սարգսյանը մնալու է ՀՀԿ առաջնորդ և, ինչպես նշեց Շարմազանովը՝ դեռ երկար ժամանակ:

 

Նա ընդամենը «նոր ոգի» է բերում ՀՀԿ` կուսակցությունում ներդնելով խորհրդի նախագահի պաշտոն` դրանում կարգելով Կարեն Կարապետյանին: Ասում են` Սերժ Սարգսյանը որոշել է կուսակցական յուրօրինակ «կոմպլիմենտար» քաղաքականություն վարել, հավասարակշռություն ստեղծել ՀՀԿ հին և նոր թևերի միջև: Այս տրամաբանության մեջ չի բացառվում, որ հենց Հովիկ Աբրահամյանին էլ վստահվի նախընտարական շտաբի պետի պաշտոնը: 

 

Շատ ինքնատիպ եռյակ կլինի` անփոխարինելի Սերժ Սարգսյանով և հին ու նոր «ոգիներով»:

 

Սարգիս Հակոբյան