Անհերքելի իրողություն է այն,որ վերջին ամիսներին հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի են ունենում և սկիզբ են առել գործընթացներ, որոնք ոչ մի կերպ սովորական չես համարի. ակնհայտ է, որ ինչ-որ բան է կատարվում իշխանական բուրգի ներսում, տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք դեռևս հայտնի չէ, թե ինչով են ավարտվելու կամ որն է լինելու այս ամենի վերջնաարդյունքը:

 

Անկասկած, Կարեն Կարապետյանի՝ քաղաքական հարթակ մտնելն ու վարչապետ հռչակվելը պետք է համարել երկրում սկիզբ առած խոշորագունն քաղաքական պրոցեսների կարևորագույն հանգրվան, որը ակնհայտ է դարձնում բաներ, որ մինչ այդ այնքան էլ տեսանելի չէին հասարակությանը. պետական կառավարման համակարգում տեղի ունեցող կադրային փոխատեղումներն ու քոչարյանական կարդրերին դրանում ամեն կերպ ներգրավելու աննախադեպ միտումը անսխալ տպավորություն է ստեղծում, թե տեղի ունեցողը շատ հստակ պայմանավորվածությունների արդյունք է՝ կայացված ներկա ու նախկին նախագահների միջև, որի նպատակը ապագայում Քոչարյանին ակտիվ քաղաքականություն վերադարձնելն է: Ինչ խոսք՝ նոր կառավարության ձևավորումը, որ աչքի ընկավ հայկական իրականության համար ոչ այնքան ստանդարտ մոտեցումներով, ևս կարելի է այս ամենի յուրատեսակ ապացույց համարել, քանզի գաղտնիք չէ, որ այն հագեցած է քոչարյանական կադրերով:

 

Սակայն ոչինչ Քոչարյանի ու ներկայիս կառավարության միջև գոյություն ունեցող դեռևս միգուցե ոչ այնքան տեսանելի կապը բացահայտ չի դարձնում, որքան Ազգային ժողովում կայացած կառավարության ծրագրի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ քոչարյանամերձ «Համախմբումը», ի սկզբանե դրականորեն արտահայտվելով կառավարության ծրագրի վերաբերյալ, այնուամենայնիվ, չմասնակցեց քվեակությանը: Կասկածից վեր է,որ եթե համապատասխան ուժերը սեփական շահերի արտացոլումը չգտնեին թե՛ կառավարության ու թե՛ դրա կողմից ներկայացրած ծրագրում, հանդես կգային կտրուկ քննադատությամբ՝ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելով այս ամենի նկատմամբ. ասել կուզի' «Համախմբում»-ի բարյացակամ վերաբերմունքն ամենևին էլ պատահական բնույթ չի կրում:


Եվ այս իմաստով, ինչ խոսք, ներկայիս կառավարությունը կարելի է յուրատեսակ «ազգային համաձայնության» կառավարություն համարել, համաձայնություն, որ կայացել է ընդամենը ներկա ու նախկին նախագահների միջև: Ու եթե իրերի դասավորությունն ու պրոցեսների ընթացքը մնան նույնն ու բխեն այն նույն տրամաբանությունից, ինչ բխել են մինչև հիմա, ապա վստահ կարելի է ասել, որ երկրորդ նախագահի մեծ քաղաքականություն վերադարձի հարցն ապագայում դառնալու է պարզ տեխնիկական խնդիր՝ վերածվելով այս ամենի բնական ու տրամաբանական հետևանքի. նախադրյալներ են ստեղծվում ապագայում Քոչարյան՝ քաղաքական դաշտ շռնդալից վերադարձի համար:


Բայց ապագայում՝ հեռավոր, թե մոտ, ով էլ Հայաստանում գա իշխանության, անել դա՝ միայն քաղաքական հին սերնդի վրա հիմնվելով, չի կարողանալու: Ակնհայտ է՝ հաջողությունն ու փառքը կուղեկցեն նրան, ով իր ունեցած քաղաքական պլաններում չի անտեսի ու չի թերագնահատի նոր սերնդի ունեցած ներուժն ու քաղաքական պոտենցիալն, ու ավելին՝ ավելի շատ կփորձի հենվել ոչ թե իրենց դարն ապրածների, այլ հենց երիտասարդ սերնդի վրա՝ իրական սերնդափոխության գործընթացը վերածելով քաղաքական յուրատեսակ կապիտալի. նա է քաղաքականապես շահելու ու նույնիսկ հավերժանալու, ով կհասկանա իրական սերնդափոխության արժեքն ու դրա դրոշը կպահի ձեռքում. ապագան երիտասարդ սերնդինն է, առանց որի ապագայի պլաններ կազմելն ու դրանց իրականացումն ուղղակի անհնար է լինելու: Սա, անշո՛ւշտ, պետք է գիտակցեն բոլորն ու համապատասխան հետևություններ անեն, եթե մտադիր են ամեն գնով հասնել հետապնդած քաղաքական նպատակներին…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ