Եթե վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերը հաջողեն, ապա դա էապես կհարվածի քրեականացված իշխանության շատ ներկայացուցիչների գրպանին և ազդեցությանը: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն նոր կառավարության հաջողությունը նաև այսօրվա ընդդիմության սրտով չէ: Օրինակ՝ ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն կողմ չեն քվեարկել կառավարության ծրագրին, սակայն քվեարկությամբ բացահայտել են իրենց մարտավարությունը: Երբ իբրև թե ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցում կառավարության ծրագրի քվեարկությանը կամ ձեռնպահ է քվեարկում, դրանով մեսիջ է ուղարկում իշխանությանը՝ քաղաքական առևտրի պատրաստակամություն հայտնելով: Եթե իշխանությունն իսկապես բարեփոխվում է, կմերժի ընդդիմության նման ակնարկը:

 

Ըստ այդմ՝ ԲՀԿ-ում կամ ՀՎԿ-ում հոգու խորքում անհամբեր սպասում են նոր կառավարության ձախողմանը, որպեսզի դարձյալ պահանջված դառնան իշխանության համար: Էդմոն Մարուքյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում առաջին անգամ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին:

 

Այստեղ էլ պարադոքս կա, որովհետև մի փոքր տարօրինակ է, որ ընդդիմադիր գործիչը կարող է կողմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի քրեաօլիգարխիկ կառավարության ծրագրին, իսկ այսօր ընդդիմանալ մի կառավարության, որը, գոնե կազմով և հռչակած ծրագրերով, օլիգարխիկ չէ:

 

Ըստ ամենայնի, Մարուքյանի դեմ քվեարկությունը ոչ թե ընդդիմության հայտ է, այլ սովորական մարդկային քեն՝ Վանաձորի ընտրությունների համար:

 

Ազգային դեմոկրատների առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, որպեսզի կարողանա իր կուսակցության շուրջ միավորել խորհրդարանի պատերից դուրս գործող ավելի ռադիկալ լիբերալներին:

 

Կարեն Կարապետյանի կառավարությունը և նրա հռչակած ծրագրերը հեղափոխական կարգախոսներով առաջնորդվող ՀԱԿ-ի և «Ժառանգության» բնական թշնամիներն են:

 

Բարեփոխումները նեղացնում են քաղաքական հեղափոխականության դաշտը, հետևաբար ՀԱԿ-ի և «Ժառանգության» հաջողության շանսերը գրեթե զրոյանում են:

 

Կառավարությունից հասարակական սպասումների ֆոնին ՀԱԿ-ի և «Ժառանգության» ընդդիմախոսության հին ձևը նրանց մղում է քաղաքական լուսանցք:

 

Մի հարցում սկզբունքորեն համաձայն եմ կառավարության ծրագրի դեմ քվեարկած յոթ պատգամավորներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ: Մինչև Հայաստանում չստեղծվի որակապես նոր ընդդիմություն, չենք ունենա նորմալ իշխանություն: Այսօրվա ընդդիմությունն իր բոլոր թելերով ինստիտուցիոնալ և գաղափարական ճգնաժամի մեջ է: Հասարակությունը նոր դեմքերի ու գաղափարների կարիք ունի: Հենց քաղաքական սերնդափոխությունը պետք է լինի խորհրդարանական ընտրությունների հիմնական առաքելությունը:

 

Սարգիս Հակոբյան