ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը տեղյակ չէ՝ Գագիկ Ծառուկյանը մտադի՞ր է վերադառնալ, թե՞ ոչ: Նա ընդգծում է, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս այդպիսի ցանկություն պաշտոնապես չի հայտնել, իսկ երբ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի, հանրապետականները համապատասխան գնահատական կտան:

 

«Մեր կոշտ դիրքորոշումը բացառապես վերաբերում է ոչ թե կոնկրետ անձերի, այլ կոնկրետ երևույթների, որոնք կան ու կլինեն: Բոլոր նմանատիպ երևույթներին մենք մեր գնահատականը տալիս ենք, և մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի դեմ»,- ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց նա:

 

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանի տան մոտ քաղաքացիները հատուկ ակցիա են կազմակերպում, Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, թե ինքը Գագիկ Ծառուկյանը չէ և չի կարող այդպիսի հարցերին պատասխան տալ: «Պարոն Ծառուկյանին հարցրեք, թող նա էլ պատասխանի»,- հավելեց նա:

 

Դիտարկմանը՝ ինչպե՞ս են իշխանությունները վերաբերվում Ծառուկյանի վերադարձին, այն դեպքում, երբ փետրվարյան իրադարձություններից հետ որոշ հանրապետականներ շատ կոշտ հայտարարություններով հանդես եկան, պատգամավորը նախ հիշեցրեց, որ ինքն այս առիթով արդեն հայտարարություն արել է, ապա՝ կրկին մեջբերեց հին հույն փիլիսոփա Հերակլեսի հետևյալ միտքը. «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ՝ փոփոխվում»…

 

Հետևությունները թողնում ենք ընթերցողներին: