Երբ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Նոր Մոսկվայի բնակարաններից մեկում հրազենից սպանված երկու հայաստանցիներից մեկը «Ձկնկուլ» մականունով հայտնի Արմեն Իսրայելյանն է, կասկածից վեր էր, որ զուտ քրեական այս միջադեպը Հայաստանում քաղաքական հետագիծ է ունենալու: Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ «Ձկնկուլ»-ը, որ նախկինում եղել է Սամվել Ալեքսանյանի մերձավոր շրջապատում, հայտարարել էր, թե օլիգարխ պատգամավորն իրեն առևանգել է՝ խլելով իր բիզնեսները: Որ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգում նման բան կարող էր տեղի ունենալ, և որ այդ գործելաոճը մեղմ ասած՝ խորթ չէ Սամվել Ալեքսանյանին, շատերը կհաստատեն: Ի վերջո, առանց որևէ հիմքի՝ ՀՔԾ-ում քրգործ չէր հարուցվի: Ի դեպ, «Ձկնկուլ»-ի սպանությունից օրեր առաջ այդ գործը կարճվել է և այս պահին դժվար է հաստատել կամ բացառել այս իրադարձության և աղմկոտ սպանության միջև կապը:

 

Մոսկվայում տեղի ունեցած սպանության մասին բոլորը կարող են կարծիք հայտնել, վարկած առաջ քաշել, սակայն չի կարելի մոռանալ անմեղության կանխավարկածի մասին, եթե նույնիսկ խոսքը քրեաօլիգարխիայի կարկառուն ներայացուցիչ Սամվել Ալեքսանյանի մասին է: Օրինակ, օլիգարխի երբեմնի մրցակից Նիկոլ Փաշինյանն անտեսեց թե՛ անմեղության կանխավարկածը, և թե՛ խորհրդարանական ամբիոնի հեղինակությունը և Սամվել Ալեքսանյանին, ըստ էության, մեղադրեց սպանություն պատվիրելու մեջ: Սամվել Ալեքսանյանն, անշուշտ, պաշպանվելու իրավունք ունի, սակայն նրան բնորոշ ցինիզմն ավելի շատ կասկածներ հարուցեց, քան ապացուցեց պատգամավորի անմեղությունը: «Հավես չունեմ»-ը պատասխան չէ, երբ լրագրողի հարցը վերաբերում է նման լուրջ հանցագործության: 

 

Մասնագիտական կոռեկտությունը թույլ չի տալիս հանդես գալ իրավական գնահատականներով, մանավանդ՝ ռուսական պատկան մարմինները շրջանառել են նոր վարկած, ըստ որի, «Ձկնկուլ»-ն ու նրա ընկերը հնարավոր է՝ դարձած լինեն մի երրորդ մարդու զոհ, ում հետ միասին սպանությունից առաջ իբրև թե ավազակային հարձակում են կատարել՝ հափշտակելով 12 մլն ռուբլի:

 

Սրանք բոլորը վարկածներ են, իսկ տեղի ունեցածի ընդհանրական գնահատականն այն է, որ «Ձկնկուլ»-ը դարձավ քրեաօլիգարխիկ միջավայրի, բարքերի զոհը:

 

Այն միջավայրի, որում ինքը կայացել է և գուցե իր նախկին օլիգարխ բոսի հրահանգով կատարել բազմաթիվ ապօրինություններ:

 

Քրեաօլիգարխիկ միջավայրը մարդու մոտ ձևավորում է «բեզպրեդել» և ի վերջո հանգեցնում է նրան, որ մի օր նա է պատժում, մի օր էլ նրան կարող են պատժել: Անկախ սպանության պատվիրատուից, քրեաօլիգարխիկ միջավայրում կայացած «Ձկնկուլ»-ը դարձավ հենց այդ միջավայրի բնորոշ «խաղի կանոնների» զոհը՝ հատուցելով կյանքով:

 

Սարգիս Հակոբյան