Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի նախկին քարտուղար Գոհար Պողոսյանը, ով Աբրահամյանի հրաժարականից հետո ազատման դիմում էր ներկայացրել, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի հարցերով խորհրդատու:

 

Այս մասին տեղեկանում ենք Գոհար Պողոսյանի ֆեյսբուքյան էջից:

 

Տեղեկանում ենք, ու հասկանում, որ սա փաստում է մի բան՝ Հովիկ Աբրահամյանը չի վերադառնա մեծ քաղաքականություն:

 

Գոհար Պողոսյանը հավատարիմ աշխատող էր, ով իր ղեկավարի հետ երկար ճանապարհ էր անցել՝ երբեք նրան չդավաճանելով, զուգահեռ էլ քայլ առ քայլ պաշտոնի բարձրացման գնալով:

 

Հիմա տիկին Պողոսյանը հետ-քայլ է կատարում, այն էլ՝ խոշոր հետ-քայլ:

 

Այլ տարբերակ չունի: Այլ առաջարկ երևի չի էլ ստացել, որ հատուկ նրա համար պաշտոն է հորինվել, այն դեպքում, երբ նշված նախարարությունում թափուր է մամուլի խոսնակի աթոռը:

 

Վերադառնալով Հովիկ Աբրահամյանին՝ նշենք, որ դեռ մեկ ամիս առաջ մամուլը խոսեց այն մասին, որ նախկին վարչապետը մեկնել է Հայաստանից:


Պաշտոնանկ եղած պարոնը փորձում էր դարդը մեղմել Դուբայի շքեղ հանգստավայրերում՝ միաժամանակ խույս տալով Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքին ներկա գտնվելու պարտավորությունից, որտեղ ներկա էր գտնվելու իշխանական ողջ էլիտան: Այն էլիտան, որի համակրանքն այլևս կարծես թե չի վայելում Աբրահամյանը:

Իրավիճակը չի փոխվել նաև այսօր:

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ նախագահ Սարգսյանը Աբրահամյանին հստակ խոստում չի տվել: Դեռ հստակ չէ նաև համապետական ընտրությունների ժամանակ նախընտրական շտաբը գլխավորելու հարցը:

Ամեն դեպքում՝ նրան շռնդալից վերադարձ չի սպասվում:


Անի Սահակյան