Անկասկած, վերջին շրջանի ներքաղաքական կյանքում ամենաուշագրավ իրադրաձություններից մեկը, եթե, իհարկե, ոչ ամենաուշագրավը, պետք է համարել Գագիկ Ծառուկյանի կողմից ներկայացրած հայցը՝ քաղաքական դաշտում ակտիվանալու, ակտիվ քաղաքականություն վերադառնալու: Պետք է նկատել, որ Ծառուկյանի հնարավոր վերադարձի թեման բավական ոչ միանշանակ արձագանք ստացավ հատկապես քաղաքական ուժերի կողմից, որոնք ոտուձեռ ընկած, իրար խառնված, փորձում էին ու մինչև հիմա էլ շարունակում են հնչեցնել կարծիքներ, որոնք, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ երանգներով չեն աչքի ընկնում ու հստակորեն պարունակում են հակաքարոզչության իրական տարրեր՝ ընդդեմ Ծառուկյանի: Սկսած ՀԱԿ-ից, վերջացրած՝ Փոստանջյանով, բոլորը խորապես անհանգստացած են անխուսափելի դարձած իրողությամբ. Ծառուկյանի՝ ժողովրդի շրջանում ունեցած մեծ հեղինակությունն ու անունն, ակնհայտորեն իրենց դարն ապրած կուսակցությունների, մի կերպ իրենց քաղաքական գոյությունը քարշ տվողների սրտով չէ, ու հիմա սրանք վախենում են էլեկտորատ կորցնելուց ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձեռնունայն մնալուց:


Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն, որ ամեն ինչից հիասթաված ժողվրդի համար Ծառուկյանի վերադարձն իսկական նվեր է դառնալու, ում վերադարձի մեջ ժողովուրդը տեսնում է սեփական շահերի, օրախնդիր դարձած պրոբլեմների լուծման բանալին: Ի դեպ՝ ավելորդ չէր լինի նշել, որ անխուսափելի դարձած իրողությունը իսկական շոկի է մեջ է գցել ոչ միայն, այսպես ասած, քաղաքական դաշտի «ընդդիմադիր» հռչակված հատվածին, այլև, որ երևի թե ավելի կարևոր է, իշխանականներին, որոնց առանձին ներկայացուցիչներ, ինչպիսին ասենք ՀՀԿ-ական Արտակ Դավթյանն է, ըստ էության, զգալով անխուսափելի իրողությունը, «հետողորմյայի» մի յուրատեսակ ակցիա էր կազմակերպել իր վերջին հարցազրույցներից մեկում՝ ջայլամային յուրօրինակ վարքագիծ դրսևորելով ու իբր բանից «բեխաբար» ձևանալով:


Թե նման վարքագծով ու բառախաղերի միջոցով հատկապես ում առաջ էր փորձում Դավթյանն արդարանալ, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ: Եթե «թիրախը» Ծառուկյանն էր, ապա հետողորմյան ակնհայտորեն ուշացած էր, քանի որ վերջինս արդեն իսկ հասցրել էր հայտարարել, որ ներում է բոլորին՝ անխտիր, իսկ եթե Դավթյանը փորձում էր ժողովրդի առաջ արդարանալ,ապա դրա կարիքը նույնպես առանձնապես չկար, քանի որ ժողովրդի առաջ պարզերես լինելու համար շատ ավելի գործնական մեթոդներ կան, որոնցից այս ողջ ընթացքում Դավթյանը չի շտապել օգտվել:Այնպես որ՝ հարցազրույցից այդպես էլ պարզ չդարձավ, թե որն էր հարցազրույց տալու իմաստն՝առհասարակ...

 

Նույնիսկ հպանցիկ հայացք նետելն էլ բավարար է՝ հասկանալու համար, որ Ծառուկյանի ակտիվացումը բազմաթիվ մարդկանց, քաղաքական ուժերի խաղաքարտեր է խառնելու իրար: Հանդես գալով որպես ինքնուրույն քաղաքական բևեռ՝ Ծառուկյանն, ըստ էության, նոր նշաձող է սահմանելու քաղաքական դաշտում՝ դառնալով ժողովրդական ամենալայն զանգվածների ոտնահարված շահերի իրական արտահայտիչը, ինչը, բնականաբար, փաստի առաջ է կանգնեցնելու թե՛ իշխանավորներին, թե՛ ընդդիմադիրներին, քանի որ գաղտնիք չէ՝ թե՛ առաջինները, թե՛ վերջինները, բացի, խոշոր հաշվով, օդ տատանելուց,այս ողջ ընթացքում ոչինչ չեն արել: Ու չնայած՝ սովորաբար ընդունված է գործ չանելու ու երկիրն այս օրվան հացնելու մեջ հիմնականում մեղադրել իշխանություններին, բայց Հայաստանի պարագայում հարկ է շեշտել, որ երկրում ստեղծված իրավիճակում ընդդիմության մեղքը ևս ամենևին էլ պետք չէ նվազեցնել. երկրի կայուն զարգացման գործում ընդդիմության դերն ամենևին էլ պակաս չէ իշխանությունների ունեցած դերակատարությունից, ու, վստահաբար, եթե ասենք երկրում լիներ նորմալ ընդդիմություն, ապա նույն «Սասնա ծռերի» հետ կապված պատմությունը կարող էր և տեղի չունենալ. ժողովրդի պոռթկումն այդաստիճան գերլարված չէր լինի, ժողովուրդը կունենար մեկին, ով կլիներ իր ձայնը, շահերի պաշտպանը:


Այնպես որ՝ դժվար չէ կռահել, թե հատկապես ինչով է պայմանավորված «ընդդիմադիր» որոշ դեմքերի լալագին հառաչն ու թերահավատության դրսևորումները, իշխանամետների հետողորմյաներն ու «մանթռաշից» շուրթերը կծոտելը. Հայաստանյան քաղաքական դաշտն այլևս կանգնել է Ծառուկյանի վերահաս ակտիվացման փաստի առաջ՝ շատերի համար հանպատրաստից ու միանգամայն անսպասելի...


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ