Բուռնաշը՝ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, հաջորդ խորհրդարանում չի լինելու: Սա միանգամայն տեղավորվում է համակարգը «քաղաքակրթելու»՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնություններում: Ըստ ամենայնի՝ Բուռնաշին «վերևում» հասկացրել են, որ նրա ժամանակներն անցել են: Սակայն Աղաբաբյանը սովորական օլիգարխ չէ. նա ավելի շուտ՝ մի քիչ օլիգարխ է, մի քիչ երկրապահ, մի քիչ՝ հանրապետական: «Մի քիչ»-ը տվյալ դեպքում հարաբերական է, և չի ստվերում այն ակնհայտ փաստերը, որ Բուռնաշն իսկապես եղել է ՀՀԿ հիմնադիր անդամ, Արցախյան պատերազմի հրամանատար և, ի վերջո, հարուստ մարդ է:

 

Պարզապես նա մարդ է, որը նշված բոլոր համակարգերում և՛ ներկա է, և՛ բացակա՝ միջանձնային հարաբերությունների բարդ հանգույցով: Աշոտ Աղաբաբյանը նաև Գալուստ Սահակյանի աներձագն է, բայց այնքան էլ ակնհայտ չէ, թե ժամանակին նրանցից ով է նպաստել մյուսի առաջխաղացմանը: Ինչևէ, հիմա Բուռնաշին հասկացրել են, որ հաջորդ խորհրդարանում նա չի լինելու: Նա, ի տարբերություն մյուս օլիգարխների՝ լուռ չի հեռանում. դա անում է դուռը «շրխկացնելով» և քաղհալածյալի կերպարով: Կայքերից մեկին Աղաբաբյանը պատմել է, որ այս տարիներին ստիպված կողմ է քվեարկել մի շարք օրինագծերի, որոնց հետ անձամբ համաձայն չի եղել: Մարդը պարզ ասում է, որ իշխանությունն իրեն և այլ պատգամավորների ստիպել է քվեարկել, կամ, գուցե, կաշառել է: Արդիական կլիներ Բուռնաշին հարցնել, թե ինչո՞ւ է հիմա որոշել այդ մասին բարձրաձայնել և ընդդիմանալ իշխանություններին: Հազիվ թե այն պատճառով, որ Աղաբաբյանը որոշել է «մեղքերին թողություն տալ» և հանգիստ կյանքով ապրել:


Ըստ ամենայնի՝ Բուռնաշը ծանր է տանում մանդատը կորցնելու հեռանկարը և փորձում է քննադատության «չափավոր դոզայով» հասնել իշխանությունների մտափոխությանը: Ամբողջ խնդիրն այն է, որ նախընտրական փուլում ավելանում են իշխանությունից նեղացածները և Աշոտ Աղաբաբյանն իր տեսակի մեջ օրիգինալ չէ: 


Սարգիս Հակոբյան