Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց՝ օրենքներ են ընդունում ու մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

 

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար…

 

Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչեւ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ մեկ առ մեկ ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Գրիգորյանն է:

 

Ծնվել է 1984թ. փետրվարի 13-ին, Գորիսում:

2006թ. ավարտել է Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկայի ուսուցիչ:

 

2006-2008թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի ավագ է:

 

2009-2012թթ. աշխատել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում:

 

2006թ. ՀՀԿ անդամ է:

 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 37 ընտրատարածքից:



Հայկ Գրիգորյանի համեստ կենսագրությանը ծանոթանալուց հետո հասկանում ես՝ պատգամավոր դառնալու համար շատ բան պետք չէ. դպրոցն ու համալսարանն ավարտել, շտապել բանակ՝ պարտքն առ հայրենիք մատուցելու, եթե իհարկե՝ արական սեռի ներկայացուցիչ եք, մի քանի տարի դասավանդել, ու պատգամավորի մանդատը պատրաստ է:

 

Պարոն Գիրգորյանը, հիրավի, օրիգինալ կերպար է՝ իր նմանը չունենալով խորհրդարանում:

 

Կենսագրական տվյալներով չի փայլում, խոշոր բիզնեսներ չունի, աղմկոտ պատմությունների կենտրոնում չի հայտնվում ու ընդհանարապես՝ սուս-փուս գործի է գալիս ու հետ գնում:

 

Հա, ի դեպ՝ գալիս է՝ բացառապես դեմ քվերակելու համար: Մինչ օրս 828 անգամ դեմ է քվերակել, ոչ մի անգամ էլ ելույթ չի ունեցել:

 

Դասական կոճակ սեղմող պատգամավոր:

 

Ամեն դեպքում՝ խորհրդարանում պատահական դեմքեր չեն լինում: Պատահական ոչ ոք չի գալիս ԱԺ, պատահական ոչ մեկին չեն վստահում կոճակ սեղմելու սուրբ գործը:

 

Մաթեմատիկայի ուսուցիչ պատգամավորն էլ բացառություն չէ:

 

Մեր տեղեկությունների համաձայն՝ պատգամավորը խորհրդարանում էր հայտնվել Սյունիքի արդեն նախկին մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանի օգնությամբ: Այն, որ իրենք մտերիմներ են, պատգամավորը երբեք չի ժխտել և բազմիցս է հայտարարել այդ մասին:

 

Հիմա չկա ամենակարող Սուրիկ Խաչատրյանը, թեպետ չկա առերևույթ, և չի կարելի բացառել, որ կուլիսների հետևում դեռ իշխում է և կփորձի կրկին սատար կանգնել Գիրգորյանին, ով հույս ունի 2017 կրկին լինել խորհրդարանում, թեպետ արդեն բռնել է ինքնապաշտպանողական կեցվածք և հարցազրույցներ տալիս հայտարարում է, որ կյանքում՝ հավերժ ոչինչ չկա…

 

Անի Սահակյան