Երբ ուսումնասիրում ենք Կարեն Կարապետյանի կառավարության առաջին քայլերը, նկատում ենք, որ գործ ունենք ոչ թե տնտեսության երկարաժամկետ զարգացման օրակարգի, այլ պոպուլիզմի հաշվին առաջիկա ընտրություններում քվեների ակնկալիք ունեցող թիմի հետ: Օրինակ, ակնհայտ է, որ գազը կարող էր էժանանալ ավելի վաղ, սակայն դա տեղի է ունենում միայն այսօր՝ նախընտրական տրամաբանության մեջ: Բնականաբար, որևէ իշխանավոր չի պատժվելու, որ չհիմնավորված բարձր սակագնի պատճառով ժողովուրդը տարիներ շարունակ թալանվել է: Երբ մարդիկ տեսնում են, որ կառավարության «հումանիզմը» բռնում է ընտրություններից առաջ, կարող է նույնիսկ հակառակ էֆեկտն առաջանալ: Շատ ընտրողներ պարզապես չեն սիրում, երբ իրենց փորձում են կաշառել: «Կարմիր գծերի» թեման բազմիցս է արծարծվել, հատկապես այն համատեքստում, որ բարձրաստիճան իշխանավորները և նրանց հարազատները դրանց շնորհիվ գերշահույթներ են ստանում՝ առանց ներդրումների ու ջանքերի:

 

Սերժ Սարգսյանը երեկ այնպիսի տպավորություն ստեղծեց, որ հենց նոր է իմացել  «կարմիր գծերի» ստվերի մասին: Սա նույնպես նախընտրական PR է, ընդ որում՝ բավականին ցցուն և տգեղ: Մյուս կողմից՝ եթե գազի գնի էժանացման շնորհիվ աշխուժանալու են տնտեսության որոշակի ճյուղեր կամ «կարմիր գծերի» փողերն ուղղվելու են բյուջե, ինչո՞ւ է հաջորդ տարվա համար խոստացվում խղճուկ տնտեսական աճ, կամ ինո՞ւ է բացառվում աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը:

 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ուզում է, որ մենք գնահատենք կառավարության անկեղծությունը և տպավորություն է ստեղծվում, թե մի բան էլ շնորհակալություն պետք է հայտնենք, որ կառավարությունը անկեղծորեն խոստովանում է մեր կյանքը բարելավելու անկարողությունը: 

 

Անկեղծ ասած՝ ինձ թվում է՝ կառավարության գործնեության գնահատման չափանիշը ոչ թե նախարարների անկեղծությունը պետք է լինի, այլ ճգնաժամը հաղթահարելու կարողությունը: Ոչ թե պետք է ուրախանանք, որ նոր գյուղնախարարն առայժմ չի տիրապետում լոլիկի շուկայում իրոք տիրող խայտառակ վիճակին, այլ խայտառակություն համարենք նման նախարարի պաշտոնավարումը: Մեզ չպետք է ոգևորի գազի էժանացումը, այլ պետք է մտահոգի այն, որ վերադառնում ենք ընդամենը 2013-ի մակարդակին, և որևէ մեկը պատասխան չի տալիս չհիմնավորված թվերի պատճառով տարիներ շարունակ տեղի ունեցած թալանի համար: Գլոբալ իմաստով՝ մեզ պետք է մտահոգի այն հանգամանքը, որ կառավարության դարդուցավը ոչ թե տնտեսության զարգացումն է, այլ քվեներին տիրանալը՝ «պրիմիտիվ գողության» տրամաբանությամբ:

 

Սարգիս Հակոբյան