Օրերս Հայաստանի ավանդական կուսակցություններից երկուսը՝ Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցությունն (ՍԴՀԿ) ու Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ) խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ համագործակցության հուշագիր ստորագրեցին, ըստ որի՝ ընտրություններին կմասնակցեն մեկ միասնական ցուցակով:

 

Հիշեցնենք, որ մամուլը ժամանակին գրում էր, որ ՍԴՀԿ-ն պատրաստվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին սատարել նախկին վարչապետ, այժմյան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի շահերը: Գաղտնիք չէ, որ վերջինս սատարվում է արևմտամետ ուժերի կողմից, իսկ օրերս հրապարակումներ հայտնվեցին նաև, որ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը մեկնել է ԱՄՆ՝ ընտրությունների համար գումար հայթայթելու: Մամուլը նորից համառորեն լուրեր է դրել շրջանառության մեջ, որտեղ ասվում է, որ Տիգրան Սարգսյանը մտմտում է ՌԱԿ-ին նորից սատարելու վերաբերյալ:

 

Նշենք նաև, որ ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Սեդրակն Աճեմյանի սանիկն է, իսկ Տիգրան Սարգսյանի՝  օգնականը, ով չի հերքել նաև, որ առաջիկայում մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՍԴՀԿ խոսնակ Արթուր Ղահրամանյանը չհերքեց, որ Նարեկ Գալստյանն այս օրերին գտնվում է արտերկրում: Թե մասնավորապես ո՞ր երկիր է մեկնել նա, խոսնակը, իհարկե, չհստակեցրեց, սակայն նշեց, որ մամուլում տեղ գտած հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:

 

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին սատարելու մասին լուրերին՝ Ա. Ղահրամանյանը հավաստիացրեց, որ առայժմ Տիգրան Սարգսյանը չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, ապա ավելացրեց, որ վերջինս ՍԴՀԿ անդամ չէ, իսկ թե ո՞ւմ պետք է սատարեն վերոհիշյալ ուժերը, դեռ հայտնի չէ:

 

«ՍԴՀԿ-ն հոկտեմբերին ստորագրված հուշագրում հստակ հայտարարեց, որ համագործակցելու է ՌԱԿ-ի հետ: Թե ՍԴՀԿ-ն, թե ՌԱԿ-ը՝ իրենց առջև նմանատիպ խնդիր չեն դրել, որ պետք է սատարեն Տիգրան Սարգսյանին: Տիգրան Սարգսյանի մասով կարող եմ ասել, որ ներկա պահին նա զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը և ընտրություններին մասնակելու վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել»,- ասաց նա՝ հավելելով նաև, որ ինքը տարիներ շարունակ ՀՀԿ անդամ է և որևէ կապ չունի վերոգրյալ կուսակցությունների հետ:

 

Մեր դիտարկմանը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՍԴՀԿ-ն ո՞ւմ է շահերն է սպասարկելու, խոսնակը նշեց, որ ՍԴՀԿ-ն միշտ սպասարկել ու սպասարկելու է ՀՀ քաղաքացիների ու համայն հայության շահերը: Թե ինչ ցուցակով են ներկայանալու խորհրդարանական ընտրություններին՝ Ա. Ղահրամանյանը նշեց, որ այդ և նման հարցերը դեռ քննարկման փուլում են:

 

 Արմինե Եփրեմյան