Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

 

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017թ.-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…


Քանի որ հաշված ամիսներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:

 

Lurer.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանն է:


Ծնվել է 1967թ. ապրիլի 10-ին Երեւանում:

 

1986-1988թթ. ծառայել է խորհրդային բանակում:

 

1986թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղարվեստական ձևավորում ֆակուլտետը:

 

Նկարիչ-ձևավորող: 2008թ.՝ Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաիրավագիտական ֆակուլտետը: Պատմության, իրավունքի ուսուցիչ:

 

Արցախյան ազատամարտի մասնակից է:

 

1992-2002թթ. եղել է «Երկիր» օրաթերթի թղթակից, 03.01.2002-01.12.2002թթ.՝ ՀՅԴ Գերագույն մարմնի կուսակցական կազմակերպական աշխատանքների պատասխանատու, եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ:

 

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

 

2014թ. հունվարի 14-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:

 

Նկարիչ-ձևավորող-լրագրող պատգամավոր «Մեղեդու Միքայել»-ը խորհրդարանում հայտնվեց ոչ ի շնորհիվ ընտրողների քվեների, այլ որովհետև վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանը, ով դեռ 2014թ-ին ԱԺ պատգամավոր էր ՀՅԴ խմբակցությունից, նշանակվեց Գերմանիայում ՀՀ դեսպան:


Հենց այդ ժամանակ էլ բուռն քննարկում սկսվեց, թե ո՞վ է հայտնվելու խորհրդարանում Հովհաննիսյանի փոխարեն՝ Միքայե՞լը, թե՞ Կարեն Շախմուրադյանը: Մամուլում պտտվող լուրերի համաձայն՝ Շախմուրադյանը բավականին կլորիկ գումար էր վճարել մանդատաի համար, սակայն այն բաժին հասավ Մանուկյանին, ով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի սանիկն է:

 

Եվ այսպես, իր կյանքում երկրորդ անգամ Մանուկյանը մանդատ ստացավ, սակայն՝ ինչպես առաջին անգամն էր, այս անգամ էլ նրա գործը կոճակ սեղմելուց այն կողմ չանցավ:

 

0 հարց, 0 ելույթ: 307 կողմ ու 37 դեմ:


Թեպետ, երբ նոր էր ստացել մանդատը, նա լրագրողների հետ զրույցում նշել էր, որ բազմաթիվ գործեր կան անելու և նա ակտիվ է լինելու:


Ինչ խոսք, այս տարիներին պատգամավորը ակտիվություն ցուցաբերեց, սակայն ոչ թե խորհրդարանում, այլ իր բիզնես գործունեության ընթացքում:


Մանուկյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված եկամուտների և ունեցվածքի հայտարարագրից պարզ է դառնում՝ 2015 թվականին նա ավելի քան 17 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից 6.9 միլիոն՝ աշխատավարձից, 5 միլիոն՝ շահաբաժնից եւ 5.5 միլիոն՝ ստացած փոխառությունից:

 

Նկատելի աճել է հատկապես նրա կնոջ՝ Կարինա Կանդարյանի, կարողությունը: Նա ստացել է 26 միլիոն 740 հազար դրամ եկամուտ:


Անի Սահակյան