Որքան մոտենում են ընտրությունները, որքան հասարակական-քաղաքական դաշտն ակտիվանում է, այնքան իշխանություններն ավելի մեծ ջանասիրությամբ են սկսում գործի դնել իրենց կեղտոտ տեխնոլոգիաները՝ սևացնելու, փնովելու, ցեխ շպրտելու այն բոլոր պրոցեսների ուղղությամբ, որոնց հեղինակներն իրենք չեն, որոնց հիմքում իրենք չէ, որ կանգնած են: Չնայած ներկայում հասարակական-քաղաքական դաշտում ընթացող կամ նոր սկսված գործընթացների հիմնական հեղինակներն իշխանություններն են, որ միանգամայն արհեստական հողի վրա մասնատում ու ջլատում են դաշտն՝ այն լցնելով բացարձակ արհեստածին գործիչներով ու նորաթուխ դեմքերով, որ յուրատեսակ «ֆեյքերի» են վերածվել ներքաղաքական դաշտում, սակայն, բարեբախտաբար, ստացվել է այնպես, որ հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող ոչ ամեն բան է, որ ենթակա է դարձել իշխողների կամքին, ոչ ամեն բան է, որ ի սկզբանե ղեկավարվում է նրանց կողմից: Անկասկած, հենց այդ հանգամանքն է, որ հանգիստ չի տալիս պարանոյիկի համառությամբ ամեն տեղ վտանգ փնտրող ու գտնող գերիշխողներին, որոնք, տարված սեփական իշխանությունը հավերժացնելու մտքով, ամեն ինչ անում են՝ ժողովրդի ծոցից ծնունդ առնող ու հենց հասարակության առողջ հատվածի կողմից սկիզբ տրվող շարժումները վարկաբեկելու, առանձին անհատների ուղղությամբ ցեխ շպրտելու համար:


Ինչ խոսք, ասել, թե նման վարքագիծը բնորոշ է իշխանություններին բացառապես վերջին շրջանում, անհույս լավատեսության դրսևորում կլիներ, քանի որ եթե հետևում ես նրանց վարքագծի յուրօրինակ քրոնիկոնին, պարզ է դառնում, որ նման դատապարտելի վարք համապատասխանները միշտ էլ դրսևորել են. դժվար է հիշել մի ժամանակաշրջան, երբ իշխանությունները բարյացակամորեն վերաբերված լինեն իրական այլընտրանք հանդիսացած գործիչներին, շարժումներին կամ կուսակցություններին:

 

Բայց այս դատապարտելի երևույթն, ինչպես կարելի է նկատել, սկսեց վերջին շրջանում հատկապես ակտիվորեն դրսևորվել, ի հայտ գալ կրկին՝ այն օրվանից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է մոտ ապագայում քաղաքականապես ակտիվանալ ու կրկին վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Իշխանությունները, որոնց մոտ միշտ էլ Ծառուկյանի անունը սարսափ է հարուցել, սկսեցին անմիջապես իրար խառնվել, բորբոքվել ու տվայտվել՝ չխորշելով դիմել այն նույն կեղտոտ տեխնոլոգիաներին, որոնք մշտապես բանեցվել են նմանօրինակ իրավիճակներում:Մանրադիտակ հարկավոր չէ՝ տեսնելու համար, որ Գագիկ Ծառուկյանի ակտիվացումը, փաստացի, շոկ է առաջացրել իշխանությունների ու նրանց կողմից սնուցվող տարրերի մոտ՝ որոնք, ոտուձեռ ընկած, Ծառուկյանի դեմ են քսի տվել իրենց մանկլավիկներին՝ իբր վարկաբեկելու նրա վերահաս ակտիվացումը. մարդիկ հասկանում են, որ եթե Ծառուկանի ակտիվացումն իրականություն դառնա ու համաժողովրդական շարժման ալիքի վրա նրա՝ ակտիվ քաղաքականություն մուտքը կայացած իրողության վերածվի, իրենց բոլոր միֆերը, բոլոր հեքիաթներն ու ստերը հօդս են ցնդելու ու ստիպված են լինելու առերեսվել այն խավար իրականության հետ, որի անխոնջ կերտողներն ու հեղինակները հենց իրենք են:


Ստացվում է, որ փոխարենն այս ողջ ընթացքում մարդիկ տնտեսություն կայացնեին, իրական բարեփոխումներ իրականացնեին զանազան ասպարեզներում, հիմք ստեղծեին երկրի կայուն ու անշեղ զարգացման համար, օդ են տատանել, դատարկ գործերով են զբաղվել, ու հիմա, երբ հասունացել է պահը՝ հաշիվ տալու արածի ու չարածի համար, սկսել են խույս տալ պատասխանատվությունից ու պախկվել լույսից, ինչ է թե չառերեսվեն ժողովրդի հետ, ինչ է թե չկրեն լիարժեք պատասխանատվություն…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ