Կարեն Կարապետյանը ժամանել է Արցախ։ Արցախը մեր քաղաքական էլիտայի՝ հատկապես դրա այն ներկայացուցիչների համար, ովքեր քաղաքական ամբիցիաներ ունեն՝ հատուկ նշանակություն ունի։ Ասենք, բարձրաստիճան պաշտոնյան չի կարող լուրջ ընկալվել, եթե իր գործունեությունը որեւէ կերպ չի ասոցացնում Արցախի հետ կամ առնվազն տարակուսելի կլինեն ցանկացածի քաղաքական հավակնությունները, եթե դրանք ինչ-որ կերպ Արցախում չեն «մկրտվում»։ Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն, ում անմիջական դերակատարումը արցախյան շարժման ու պատերազմի ընթացքում անվիճելի է, 2008-ին ԼՂՀ այցելեց՝ նախագահի ընտրարշավի մեկնարկից առաջ։ Կարեն Կարապետյանի պարագայում՝ քաղաքական բաղկացուցիչին ավելանում է անձնական մի գործոն. նա ղարաբաղցի է։
Հայաստանի վարչապետը Ղարաբաղում հանդես եկավ նոր իմիջով, որը գուցե խորթ է հայաստանյան էլիտայի համար։ Օրինակ քառօրյա պատերազմի օրերին, մեր շատ պաշտոնյաներ, պատգամավորներ սահման ուղեւորվեցին մի քանի ժամով՝ զինվորական համազգեստով լուսանկարվելու եւ ֆեյսբուքյան իրենց էջերում «հերոսանալու» նպատակով։ Կարեն Կարապետյանն՝ Արցախի իր գործընկերոջ ուղեկցությամբ, մարտական հենակետեր այցելեց ջինսով ու բոթասներով։ Չգիտեմ՝ սա ինչքանով է համապատասխանում պետական արարողակարգին, սակայն շատ ավելի բնական կերպար է։

Երկու վարչապետների ասուլիսը նույնպես՝ ստանդարտից դուրս էր՝ Տիգրանակերտ բերդ-ամրոցում, բացօթյա։
Եթե քննարկենք Կարապետյանի այցի քաղաքական բաղադրիչը, ապա դրանում առկա են հետաքրքիր ենթաշերտեր։ Վարչապետի «հանրապետականացման» հեռանկարի կամ քաղաքական ամբիցիաների հարցում նոր բացահայտումներ չեղան, փոխարենը՝ նշմարվեց Կարեն Կարապետյան-Արայիկ Հարությունյան տանդեմի գոյություն, ինչը շուտով իր ազդեցությունը կունենա թե Հայաստանի եւ թե հատկապես Արցախի ներքաղաքական կյանքում։ Կարապետյանն Արցախի վարչապետին ներկայացրեց՝ որպես «իր ոչ միայն անձնական, այլ գաղափարական ընկեր»։ Սա հստակ մեսսիջ է այն մասին, որ Հարությունյանը վայելում է Հայաստանի վարչապետի վստահությունն, այլ խոսքով՝ նրա հովանավորյալն է։ Արցախի գործող վարչապետի համար այս հանգամանքը շատ կարեւոր է՝ հատկապես այն պարագայում, երբ նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի իշխանության հետ, կարծես թե, համաձայնեցրել է իր իշխանությունը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով երկարաձգելու հարցն, ինչի հետեւանքով՝ Արայիկ Հարությունյանը հայտնվել է «խաղից դուրս» վիճակում հայտնվելու վտանգի առջեւ։ Հիմա նա ստացել է իր դիրքերը վերականգնելու, նույնիսկ՝ ամրապնդելու հնարավորություն։ Պատահական չէ, որ երեկ Արայիկ Հարությունյանը պերճախոս է եղել՝ Կարեն Կարապետյանի պաշտոնավարումը որակելով «առաքելություն», նրա անձն, ըստ էության, համարելով համազգային խնդիրների լուծման բանալի։ Հայաստանի գործող վարչապետի համար կարեւոր է իր «աչքն ու ականջն» ունենալ ԼՂՀ իշխանության մեջ։ Այդ հանգամանքը միայն մեծացնում է որեւէ գործչի «բաժնեմաս» Հայաստանի համակարգում։

Սարգիս Հակոբյան