Երդմնակալության արարողություն...արդեն հասան դրան, այո, Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողություն, ամենայն հավանականությամբ, հենց այդպես էլ լինելու է, դրանում անգամ չեն կասկածում Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Թուրքիայի նման հզոր երկրները, որոնց նախագահները շտապել են նախապես շնորհավորել Սերժ Սարգսյանին, ու որոնք եղանակ են ստեղծում ամբողջ աշխարհում: Այս պարագայում հիմնականում համակերպվում են պարտված նախագահին գահին տեսնելու փաստի հետ, քանի որ դրա հետ արդեն համակերպվել են մեր երկրի համար շահագռգիռ կողմերը: Պայքարն էլ չի ստացվում կարծես, իրավիճակն էլ վերահսկում էր հենց ինքը' Սերժ Սարգսյանը: Այս իրավիճակում ինչպիսի զարգացումներ կլինեն, ինչ վերադասավորումներ ու ինչ պաշտոնանկություններ էլ լինեն, դրանք հաստատ լինելու են անկախ կառավարության լուծարումից, որը, ըստ երևույթին, հենց հաջորդելու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Վարչապետը, նախարարները, իսկ ավելի արմատական ուսումնասիրության դեպքում՝ նաև մարզպետերը, քաղաքապետերը, թաղապետերը, բոլորը՝ առանց խտրականության, պատասխան են տալու այն պարտության համար, որը կրեց Սերժ Սարգսյանը, պատասխան են տալու այն չարված աշխատանքի համար, որի վրա հույս էր դրել Սերժ Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանը հույս էր դրել Շիրակի մարզի, Լոռու, Գեղարքունիքի վրա…ու արդեն իսկ թռնում են գլուխները՝ մեկը մյուսի հետևից. գործընթացը, ըստ տրամաբանության, անկասելի պետք է լինի:

Եվ այսպես, պլաստիկ վիրահատություն, վիրաբույժը Սերժ Սարգսյանն է, կնճիռները հեռանում են իրենց կամքով, իրենց դիմումների համաձայն. չէ՞ որ փոխվում է իշխանության դեմքը, և, ի վերջո, հենց Սերժ Սարգսյանի դեմքը, այն իշխանության, որը հուսախաբ արեց իր առաջնորդին ու թևեր տվողին:

Աշոտ Գիզիրյան. վիրահատության առաջին փուլում առաջին կնճիռը հեռացավ ինքնակամ, պատճառը կրած խայտառակ պարտությունն էր։ Ո՞վ կհաջորդի Գիզիրյանին։ Մյուս մարզպետերը՝ Լոռու, Գեղարքունի, Տավուշի…թվարկածներից և ոչ մեկը չի տարբերվում Աշոտ Գիզիրյանից, նույն պատկերը, ինչ արձանագրվել էր Շիրակում, արձանագրվել է ամենուր: Հետևաբար, հասարակության կողմից հիմնականում անտեսվող համապատասխան ուշադրության չարժանացող երկրի հիմնասյուների մարզերի ղեկավարները, եթե ոչ ինքնակամ, ապա վիրաբույժի լանցետի օգնությամբ վաղ թե ուշ լքելու են իշխանության դեմքը: Իսկ վիրաբույժին, իհարկե, մնում է այդ խրթին վիրահատությունից հետո հետքեր, վերքեր ու սպիներ չթողնել, որը, սակայն, կպահանջի երկար ժամանակ, այն էլ՝ առանց երաշխիքների:

Իսկ Երևանի ու Երևանի քաղաքապետի մասին խոսելն ուղղակի անիմաստ է, չնայած որ Սերժ Սարգսյանը հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն, չնչին, ավելի կոնկրետ' ողորմելի տարբերությամբ: Իսկ չէ՞ որ երկար տարիներ Սերժ Սարգսյանն արժանացել է հենց երևանցիների հավանությանը: Հերթական ապաշնորհությունը, արդյունքներ, որոնք Երևանում դեռ երբեք չեն գրանցվել: Իսկ ո՞վ է պատասխան տալու սրա համար. իհարկե, Տարոն Մարգարյանը, քանզի այս դեպքը ոչ թե գեղեցիկ չէ, այլ զարհուրելի է, հենց իշխանությունների համար:

Սերժ Սարգսյանի դատաստանից չի խուսափի նաև Երևանի քաղաքապետը:

Պատժից չեն խուսափի նաև կառավարության անդամները, նախարարները, վարչապետը, փոխվարչապետը, որոնցից շատ շատերը, բավականին մեծ ազդեցություն ունենալով տարբեր համայնքներում և մարզերում, այնուամենայնիվ, գործ չեն արել՝ ողջ սև գործը թողնելով նախագահի ուսերին: Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում վերադասավարումների մասին, այլ կերպ ասած՝ եկել է «ռակիռովկի» շրջանը: Բազմաթիվ անուններ են շոշափվում, հիմնականում՝ երիտասարդ, «թարմ, դեռևս չօգտագործված բջիջների», որոնք թարմություն և ունիվերսալություն կապահովեն ապահով իշխանության դեմքի համար: Նոր ժամանակներ՝ փոխարինողներ կառավարության դեմբելների համար, պահանջում է ժամանակը, իրականացնում է ծրագրավորողը:

Այս ամենով հանդերձ, պարզ է միայն մի բան, Սերժ Սարգսյանին մնում է միայն սրբել, կտրել ու հեռացնել իշխանության դեմքի անհարթություններին ու կնճիռներին, քանզի իշխանությունը այսպիսի՝ ամբողջովին այլայլված ու զարհուրելի դեմքով, այլևս ի զորու չէ նայել մարդկանց, քաղաքացիների, և վերջապես հայի աչքերին. լինելով զազրելի՝ այն վանում է բոլորին: Փոփոխություն...

Գևորգ Ավետիսյան