Կարեն Կարապետյանի արցախյան այցը վերածվեց PR ակցիայի։

Գուցե այդպես ստացվեց ակամայից՝ վարչապետի կամքից անկախ, սակայն առվազն ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի քարոզչությամբ զբաղվողները շեշտը դրել են ոչ թե բովանդակության, այլ` ձեւի, ոչ թե գործի, այլ` կառավարության ղեկավարի կերպարի, նույնիսկ՝ նրա հագուկապի վրա։

Կարեն Կարապետյանի անձի ֆետիշացման մեկնարկը տվեց Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ նրան ներկայացնելով «առաքյալի» կերպարով։ Հայաստանի երեք նախագահները, մեկ տասնյակից ավելի վարչապետներն ունեն աշխատանքային ու մարդկային բազմաթիվ թերություններ, սակայն նրանք բոլորն էլ հնարավորինն արել են Արցախի համար։ Հաճախ՝ լուռ եւ անաղմուկ, տեսախցիկներից հեռու։

Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությունները, մյուսների հաշվին մեկ մարդու առանձնակի գնահատումը, առնվազն կոռեկտ չէին՝ քաղական էթիկայի տեսանկյունից, եւ վիրավորական էին ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլ նաև հասարակության համար։

Արցախը սիրում են՝ գովազդի վերածելու փոխարեն։ Մարտական հենակետի հերոսը զինվորն է եւ ոչ թե վարչապետը՝ իր հարուստ հագուկապով։ Վերջին օրերին՝ այս լուսանկարը սոցցանցերում ակտիվ տարածողները` իրական հերոսի կերպարը ստորադասում են հենակետում հերթական սելֆի անողի PR-ին:

Սարգիս Հակոբյան