«Մամլո խոսնակը Սամվել Դարբինյանի հորաքրոջ տղան է եւ, բնականաբար, կհերքի նրա հրաժարականի մասին լուրը, որովհետեւ նաեւ իր շահերից չի բխում, բայց ոնց որ թե հիմա իրենց կուսակցությունը ՝ ՀՀԿ-ն, հավակնում է դրան եւ երեւի թե կքննարկի Վանաձորի քաղաքապետի հրաժարականի հարցը»,- galatv.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ մեկնաբանելով Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի՝ հնարավոր հրաժարականի մասին լուրերը:

Հիշեցնենք, որ չնայած համառորեն խոսում են այդ մասին եւ անգամ ՀՀ կրթության գիտության նախարարն է գրում Ֆեյսբուքի իր էջում, որ Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալու, Սամվել Դարբինյանի մամլո խոսնակը հերքում է տեղեկությունը, բացատրելով, որ Հայաստանը նորմալ անկախ երկիր է եւ ջունգլիների օրենքներ չեն գործում:

«Ոչ միայն Վանձորի քաղաքապետը, այլեւ բոլոր այն քաղաքներում, որտեղ Սերժ Սարգսյանը ակնհայտորեն պարտվել է, նրանց կուսակցական պատասխանատվության կենթարկեն: Խնդիրը կայանում է նրանում, որ Վանաձորի քաղաքապետը ակնհայտորեն հրապարակավ վիրավորել է Վանաձորի բնակիչներին՝ որակելով անգիտակից, որ չեն քվեարկել իր առաջնորդի օգտին: Ճիշտ է, ես չեմ հավատում, որ ՀՀԿ-ի համար ՀՀ քաղաքացիների կարծիքը էական նշանակություն ունի, կամ պատասխանատու են ՀՀ քաղաքացիների առջեւ եւ չեն հանդուրժում, որ իրենց կուսակիցը ՀՀ քաղաքացիներին վիրավորում է, բայց կարծում եմ, որ, այսպես կոչված, կուսակցական պատասխանատվության տրամաբանությունն է աշխատում եւ էլի է շարունակվելու նման հրաժարականների շարանը»,- ասաց Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, Սերժ Սարգսյանին «բարկացրել է» Սամվել Դարբինյանի վերջին արդարացումը, որով նա բացատրել է Սերժ Սարգսյանի պարտության փաստը Վանաձորում՝ վանաձորցիներին վիրավորելով եւ որակելով անգիտակից: «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդն ինքը չի հասկանում' ինչ է անում»,- ասել էր Սամվել Դարբինյանը: Եվ հենց այս խոսքերին հղում տալով' ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրառում էր թողել իր էջում՝ ասելով. «Իշխանությունների դեմքը սկսվել է փոխվել... Ինձ հասած տեղեկություններով, ՀՀ նախագահին վրդովեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը: Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տալիս»:

Անդրադառնալով ԿԳՆ Արմեն Աշոտյանի այս գրառմանը՝ Արթուր Սաքունցն ասաց. «Ես զարմանում եմ՝ ինքը ընդհանրապես Ֆեյսբուքից դուրս չի գալի՞ս: Դա թող իրանք մտածեն: Թող կառավարության ու իրենց կուսակցության՝ ՀՀԿ-ի գլուխը ցավի նրանից, որ իրանց նախարարը կարող է Ֆեյսբուքով հայտարարություն ցրի: Բայց մի բան կարեւոր է, որ իմանան բոլորը՝ հիմա հանրության ուշադրությունը շեղում են դեպի հրաժարականները: Դա շատ վատ մտածված սցենար է: Բայց կա հիմնական մեկ խնդիր. քաղաքացիները չեն ընդունում Սերժ Սարգսյանին եւ ձայների բացարձակ մեծամասնությամբ քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Հիմա այդ կեղծիքը չի կարա ծածկադմբոց արվի հրաժարականների սցենարով: Մատաղացուների կամ քավության նոխազների միջոցով հանրությանը կերակրել եւ ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ, դա վատ մտածված սցենար է:

Հին Հռոմից եկած պրիմիտիվ քաղաքական տրյուկ է, որ զոհերի եւ քավության նոխազների միջոցով փորձում են հանրության ուշադրությունը բուն խնդրից շեղել: Եվ պետք է, որ այդ «կուտ»-ը չուտի հանրությունը»:

Քրիստինա Մկրտչյան