ՀՀ-ն ապրում է նախընտրական օրեր: Կարող ենք փաստել, որ քաղաքական դաշտը պատրաստվում է գարնանային լուրջ զարգացումների: Հետաքրքրականն այն է, որ այս պրոցեսում ինտրիգային են ոչ միայն քաղաքական նոր վերադասավորումները, այլև՝ բուն իշխանության ներսում ընթացող արմատական և կուլիսային գործընթացները: Փորձենք մի փոքր բացել փակագծերը:

Բանն այն է, որ ցանկացած «մեծ բումից» առաջ տիրում է մի տեսակ հանգստություն, նոր միայն սկսվում քաղաքական դաշտի դերաբաշխումը:

2015թ.-ից սկսած՝ իշխանությունը ձեռնամուխ եղավ նոր, արհեստականորեն ստեղծված պրոիշխանական, կամ կեղծ ընդդիմադիր կուսակցությունների ձևավորման գործին: Քանի որ, իր սկզբանե՝ դրանք արհեստածին կառույցներ էին՝ ստեղծված իշխանական շահերը բավարարելուն, առանձնապես մեծ հաջողության էլ չհասան ու 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ պարզապես փոշիացրին ընդդիմության ողջ մոբիլիզացիոն ռեսուրսը, միաժամանակ լուրջ հարվածի տակ դրեցին նաև իշխանության՝ առանց այդ էլ ցածր վարկանաիշը, քանի որ շատ պարզ էր երևում, թե այդ նոր ուժերից որի հետևում՝ իշխանական կարկառուններից ով էր կանգնած: Իսկ քանի որ արհեստական ոչ մի բան լուրջ հաջողության չի հասնում, նույնը եղավ նաև այս դեպքում: Բացի այդ, դասագրքային ճմարտություն է նաև այն փաստը, որ գումարելիների տեղերը փոխելիս՝ գումարը չի փոխվում, և նոր բան ակնկալել այդ «նոր» խաղացողներից՝ դժվար էր սպասել:

Ինքնին նման սցենարային զարգացումը խոսում էր այն մասին, որ իշխանությունների ներսում կար ու այսօր էլ կա լուրջ պրոբլեմ, որն է նաև հիմնական պատճառը, որ քաղաքական դաշտի նոր վերադասավորումների խիստ կարիք է առաջացել: Ակնհայտ է, որ այս կամ այն թևին չի բավարարում իշխանության դաշտում գործող կուսակցությունների գործունեությունը: Նման իրավիճակում՝ հանրային ցածր լեգիտիմության պարագայում իշխանություններն ընդհանրական տեսքով, ընդհանրական թիմով՝ անհնար է, որ գնան ընտրությունների:

Մյուս կողմից՝ ՀՀԿ-ում սպասվում են արմատական վերադասավորումներ և դրա մասին խոսում են իրենք՝ ՀՀԿ-ականները: Տարբեր առիթներով ասուլիսների կամ հարցազրույցների ժամանակ նշվում է, որ կուսակցությունում ընթանում է փոփոխությունների գործընթաց, որը պայմանավորված է երկրում ստեղծված ընդհանուր պատային իրադրությամբ: Իշխանական մեքենան հավանաբար զգում է, որ աստիճանաբար նմանվում է 1975-85-ականների ԽՍՀՄ-ին, երբ ամեն ինչ լճացել էր, և բոլորն անում էին մեխանիկական աշխատանք. ոչ մի մոտիվացիա և նոր գործելաոճ չկար: Նույնը ներկայիս ՀՀԿ-ն է: Արդեն շուրջ 10 տարուց ավել է՝ տեսնում ենք նույն դեմքերն ու լսում նույն՝ դասագրքային, դեկլարատիվ հայտարարությունները:

Ըստ տեղեկությունների՝ արդեն կարծես թե հստակեցվում է այն փաստը որ Կարեն Կարապետյանն առաջիկայում կանդամագրվի ՀՀԿ-ին. սա ինչ-որ տեղ տրամաբանական և սպասելի ժեստ էր, քանի որ ՀՀԿ-ական կլանը ոչ մի կերպ չի հանդուրժի մոդեռն և «բարեփոխիչ» վարչապետի գործոնը և շատ կարճ ժամանակում նա կհայտնվի խաղից դուրս վիճակում:

Մնում է փաստել հետևյալը. 1985թ.-ին՝ գորբաչովյան վերակառուցման գործընթացը, որը հանրության մոտ ընդունվեց բուռն օվացիաներով, շատ կազմակերպված կրախի մատնվեց:

Իսկ թե ի՞նչ կկատարվի հայրենի բոլշևիկների նոր մշակած տեսլականից հետո՝ ականատեսը կլինենք առաջիկայում:

Առջևում խորհրդարանական ընտրություններն են: