«Միասնություն» համազգային շարժմանն են միացել բազմաթիվ երիտասարդներ, որոնց թվում են նաև հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած համաժողովին ելույթով հանդես եկավ նաև երիտասարդ քաղաքագետ, «Երիտասարդական համաձայնություն» ՀԿ նախաձեռնող խմբի անդամ՝ Էդիկ Հարությունյանն, ով իր խոսքում հայտարարեց, որ իր համար մեծ պատիվ է այդ շարժման մի մասնիկը լինելը.

«Ամեն մարդ կյանքում կանգնում է կարևորագույն երկընտրանքի առջև. ընտրել այն ուղին, որը հեշտ է, թե այն՝ որը ճիշտ է: Իմ խորին համոզմամբ՝ ընտրել հեշտ ճանապարհը, նշանակում է տրվել իներցիոն ընթացքին, անգործությանը, անտարբերությանը, իսկ որ երիտասարդներիս համար վատթարագույնն է՝ տրվել հիասթափությանը, ապագայի նկատմամբ հավատի կորստին, պետության հիմքերը խարխլող երևույթին՝ արտագաղթին: Իսկ ես վստահ եմ, որ հեշտ ճանապարհին՝ նույնքան հեշտ էլ սխալվում են սերունդները»,- նկատեց նա:

Դիմելով երիտասարդներին՝ Էդիկ Հարությունյանը համախմբման կոչ արեց, հավելելով, որ երիտասարդներն են այս երկրի տերը, հետևաբար երկրի զարգացման փուլում իրավունք չունեն լքել հայրենիքը.

«Արդյո՞ք մեր երկրի զարգացման գործում իրավունք ունենք մատնվելու անգործության ու անտարբերության՝ փարատվելով այս մտքով, որ մենք այս երկրի ապագան ենք: Ո՛Չ, ՄԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՆԵՐԿԱՆ ԵՆՔ: Եվ մենք մեզ երկրի ներկա ենք համարում՝ լուրջ գիտակցմամբ, որ մեր առաջնային պարտականությունը համազգային միասնության գաղափարը յուրաքանչյուր հայի ամենօրյա գործունեության հիմնաքարը դարձնելն է: Դրա իրականացման գլխավոր երաշխիքը այսօրվա կարող ուժերի միասնությունն է, որը մեզ հղում է մի պարզ ուղերձ. այսուհետ ոչ մի գաղափար այլևս չի մնալու պարզապես գաղափար, այլ՝ երկխոսության, փոխըմբռնման և համաձայնության միջավայրում ռեալիզացվելու է այնպես, ինչպես ռեալիզացվելու ենք ինքներս, քանի որ մեր մայր հայրենիքը ունի առողջ սերնդափոխության, այսինքն՝ մեր կարիքը»,- ասաց նա:

Նա հայտարարեց նաև, որ թեև բոլոր շեշտադրումներն ուղղված էին երիտասարդությանը, սակայն էին, դա չի պակասեցնում մեր անսահման պատկառանքը ավագ սերնդի՝ մեր ծնողների և նրանց վաստակի նկատմամբ: «Այստեղ ներկա է նաև մայրս, ով Արցախյան հերոսամարտի ժամանակ հաճախ մի ամբողջ «Արաբո» ջոկատի թիկունքի ապահովմամբ է զբաղվել՝ մինչ զինագործ հայրս կկատարեր տեխսպասարկումը: Բոլորիս ծնողները ուժերի ներածին չափով պայքարել են ու մեզ նվիրել անկախ ու ապահով պետություն, բայց մա՛մ ջան, միգուցե ձեր սերունդը այսքանից հետո համակերպվել է այն մտքի հետ, որ այս երկրում ոչինչ փոխել հնարավոր չէ, բայց քեզ վստահեցնում եմ՝ դա անելու է մեր սերունդը, մեր սերնդի շարժումը: Անելու ենք այնպես, որ մեր ծնողները հպարտանան իրենց զավակներով, հանգիստ լինեն, որ երկրի ներկան ու ապագան հուսալի ձեռքերում է»,- եզրափակեց նա: