ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի աշխատանքային հանդիպումից հետո հայտարարվեց, որ իրականացվելու է նոր ծրագիր՝ ուղղված զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող զինվորների սոցիալական խնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որին աշխատող յւորաքանչյուր քաղաքացուց ամեն ամիս փոխանցվելու է 1000 դրամ, 20 տարի ժամկետով:

 

Այս նախագիծը հասարակական լայն շրջանակների մոտ բողոքի առիթ հանդիսացավ և պատճառն այն չէ, որ պետք է 1000-ական դրամ փոխանցել զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման համար, այլ այն, թե ովքեր են տնօրինելու այդ գումարները: Մյուս կողմից՝ հնչում են կարծիքներ, թե ինչու պետք է օրվա հացի խնդիր ունեցող քաղաքացուց այդ գումարները հավաքել, այն դեպքում, երբ ՊՆ գեներալները շրջում են գերթանկարժեք մեքենաներով, ապրում են շքեղ առանձնատներում, օլիգարխները, պետական պաշտոնյաները ժողովրդին կեղեքելու միջոցով միլիոններ են կուտակել:

 

Այսօր ԱԺ նիստին քննարկվելու է հենց այս նախագիծը՝ արագացված ընթացակարգով: Facebook սոցիալական ցանցում «1000 ամոթ ռեժիմին» անվանումներով էջեր ու նախաձեռնությաններ են բացվել:

 

«Երկուշաբթի՝ ժամը 12-ին, սկսվում է ԱԺ նիստը, և արագացված ընթացակարգով քննարկման է դրված 1000 դրամների օրենքի նախագիծը... Բոլոր նրանք, ովքեր դեմ են արտահայտվել այդ օրինագծին, հավաքվում ենք Ազգային ժողովի մոտ: Սկսում ենք»,- ասված է «Բողոք 1000 դրամ թալանի դեմ» նախաձեռնության հայտարարության մեջ: