Խորհրդարանական ընտրություններն ամենևին էլ սարերի հետևում չեն, ինչը նշանակում է, որ հանրությանը հուզող թիվ մեկ հարցն այն է, թե ինչ է սպասվում երկրին այդ բախտորոշ իրադարձությունից հետո: Տեսակետներն, ինչ խոսք, բավական շատ են. ոմանք կարծում են, թե ընտրությունները ոչինչ էլ չեն փոխելու, ու իրականությունն ինչպիսն որ կա, այդպես էլ շարունակելու է մնալ: Ոմանք էլ ուղղակի համոզված են, որ պառլամենտական ընտրություններն այնպիսի աշխարհացունց բնույթ են կրելու, որ անճանաչելիորեն փոխելու են այն իրականությունը, որում բոլորս ապրում ենք:

 

Ինչպիսն էլ լինեն տեսակետները՝ հոռետեսական, թե՝ լավատեսական, կասկածից վեր է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններն արմատապես տարբերվելու են նախորդներից հենց միայն այն բանով, որ դրանցով, ըստ էության, Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացվելու է մի նոր փուլ, ու երկրում կառավարման մոդել է փոխվելու. անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման ձևի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:

 

Բայց ամենաինտրիգային հարցը, որ ներկայում հայստանցիներին հուզում է, ամենևին էլ, ինչպես հասկանալի է, կառավարման մեկ մոդելից մյուսին անցում կատարելը չէ. բոլորը՝ գրեթե անխտիր, հետաքրքված են հատկապես այն հարցով, թե ինչ է սպասվելու հայաստանյան քաղաքական վերնախավին` ընտրություններից հետո, ու, մասնավորապես, Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրն ինչպես է դասավորվելու: Ի դեպ՝ այս հարցում ևս, ինչպես և սպասելի էր, տեսակետներն այնքան էլ սակավ չեն, ու կարծիքների, տեսակետների պակաս առանձնապես չի զգացվում. ոմանք պնդում են՝ ընտրություններից հետո ևս Սարգսյանը կշարունակի մնալ երկրի փաստացի միանձնյա ղեկավարը, մյուսներն էլ համոզմունք են հայտնում, թե հատկապես 2018-ը ճակատագրական է լինելու նախագահի քաղաքական կարիերայի հարցում, ու նա հետ է քաշվելու քաղաքական ակտիվ գործունեությունից՝ աստիճանաբար հեռանալով քաղաքականությունից:


Չնայած վերջին տարբերակը կարող է ոմանց ականջին չափազանց անսովոր հնչել, բայց դատելով ինչ-ինչ իրողություններից՝ արդեն իսկ կարելի է որոշակիորեն ենթադրել՝ չի բացառվում, որ ժամանակի ընթացքում Սերժ Սարգսյանի հեռացումը ներկայում անհավանական թվացող երևույթից վերածվի ընդամենը տեխնիկական խնդրի, ու Հայաստանում իշխանափոխությունը կատարվի այնպիսի հարթ ու սահուն եղանակով, որ աննկատ մնան այն բոլոր նյուանսներն ու ինտրիգները, որոնցով, որպես կանոն, լեցուն է լինում իշխանափոխությունն՝ առհասարակ. ամենևին էլ չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանը ոչ թե սահամնափակվի ասենք վեց ամսով, այլ շատ ավելի երկար տևի, ու 2018-ին վարչապետ հռչակվի ոչ թե ներկայիս նախագահն, այլ՝ վարչապետը, որի տրամադրության տակ են աստիճանաբար սկսում անցնել իշխանական բոլոր լծակները:

 

Ապագայի նման սցենարն,ինչ խոսք լիովին չի կարելի բացառել, մանավանդ` երբ հաշվի ես առնում այն՝ ամենևին էլ ոչ երկրորդական դերակատարում ունեցող մարդու շուրթերից հնչած «հայտարարությունը», որ իսկական անակնկալ է դարձել շատերի համար: Այսպես՝ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը վերջին շրջանում անընդհատ ակնարկներ է անում այն մասին, որ նախագահ Սարգսյանի իշխանությանը մնացել է ընդամենը մի քանի ամիս, և որ շուտով վերջինս «գնալու է»:


Այն, որ Սամվել Կարապետյանը բնավ էլ պատահական մեկը չէ ու բավական լուրջ դերակատարում ունի Հայաստանի կյանքում, առանձնապես գաղտնիք չէ. նրա ազդեցությունն այստեղ այնքան մեծ է, որ մարդն, իրավամբ, վաստակել է «Պուտինի մարդ» տիտղոսն, ինչը նշանակում է, որ նրա ակնարկը՝ Սարգսյանի վերաբերյալ, կարող է շատ ավելին լինել, քան՝ ընդամենը մի պարզ խոսք. Սարգսյանի հեռացման մասին որոշումը, դատելով համապատասխան մարդու ակնարկից, կայացվել է բարձրագույն՝ կրեմլյան մակարդակով, ու Սերժ Սարգսյանի դատավճիռն այլևս կայացված է:


Թե կոնկրետ ինչպես կզարգանան քաղաքական իրադարձությունները Հայաստանում, անկասկած, կարող է հստակեցնել միայն ժամանակը, բայց՝ որ համապատասխան տրամաբանության մեջ տեղավորվող իրադարձությունների շարանը չափից դուրս երկար է՝ համարվելու՝ մակերեսային պրոցեսների տրամաբանական հետևանք, անքննարկելի է. սպասե՛նք իրադարձությունների զարգացմանը:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ