Հայաստանում շտապօգնության բժշկի նկատմամբ բռնության հերթական դեպքն է գրանցվել: Նախօրեին Երեւանի Աջափնյակ համայնքի Առաքելյան փողոցի բնակարաններից մեկի 46-ամյա բնակիչ Գուրգեն Հովհաննիսյանը շտապօգնություն է կանչել: Երբ բժիշկների խումբը հասել է «կանչի վայր», Հովհաննիսյանը վեճի է բռնվել  բժշկի հետ, այնուհետեւ շշով հարվածել նրա գլխին:

«Մտել են տուն, նա (հիվանդը-խմբ.) ինչ-որ բան է ասել, բժիշկն ասել է՝ ինձ հետ այդպես մի խոսեք, նա ասել է, որ եթե այդպես է, ընդհանրապես, մի սպասարկեք, վեճ է եղել, շշով հարվածել է բժշկի գլխին»,- մեզ հետ զրույցում տեղի ունեցածը պատմեց «Շտապբուժօգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Բժիշկը, որի անունը Ստեփանյանը ճիշտ չհամարեց հրապարակելը, հարվածից հետո գլխին պատռվածք է ստացել: Նրան տեղի ունեցածից հետո հիվանդանոց են տարել, գլխին կար դրել: Ստեփանյանն ասաց, որ բժիշկն ապաքինվում է, հաջորդ հերթափոխին կկարողանա աշխատանքի գնալ:

Հարցին, թե արդյո՞ք բողոք ներկայացրել են, Ստեփանյանը պատասխանեց. «Ոստիկանսւթյուն ենք հայտնել, զբաղվում են»: