ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչներին` ոլորտին առնչվող առկա խնդիրները քննարկելու նպատակով:
«Ինչպես տեղյակ եք, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում ենք հանդիպումներ գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ` համատեղ քննարկելու և գույքագրելու բոլոր առկախված խնդիրները, լսելու ձեր կարծիքն ու առաջարկներն իրականացվող քաղաքականության վերաբերյալ, որոնք հիմք կդառնան ոլորտի ռազմավարական զարգացման ուղղությունները մշակելիս: Կարևոր է, որպեսզի այս հանդիպումների ընթացքում մենք կարողանանք գտնել պետություն-մասնավոր հատված փոխգործակցության արդյունավետ ձևաչափը և նախանշենք երկուստեք իրականացվելիք քայլերը, որոնք կնպաստեն ոլորտի շահութաբերության ավելացմանն ու զարգացմանը»,- իր խոսքում նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հավելել է, որ ջերմոցային տնտեսությունների զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության համար հեռանկարային ուղղություններից է, և ՀՀ կառավարությունը ոլորտը խթանելու նպատակով վերջերս ընդունեց գազի սակագնի նվացեզման որոշում, որը կնպաստի, որպեսզի առավել արդյունավետ գործունեություն ծավալվի, և արտադրանքի գները դառնան առավել մրցակցային:
Նախարարի հետ հանդիպման ընթացքում ջերմոցատերերը ներկայացրել են պետության կողմից իրականացվելիք այն քայլերը, որոնք կնպաստեն ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը: Մասնավորապես բարձրացվել են ձմեռային սեզոնին գազի վարձավճարների հետաձգմանը, էժան ֆինանսական միջոցների ներգրավմանը, աշխատուժի բացակայությանը, մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը, տեղական արտադրողների շահերի պաշտպանությանը, պտուղ-բանջարեղենի մաքսազերծմանը, մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումներ իրականացնելուն առնչվող և այլ հարցեր:
Մասնակիցների խոսքով` ձմռան ամիսներին գազի վարձավճարների հետաձգումը հնարավորություն կտա շուրջ 10-15 տոկոսով ավելացնել բերքատվությունը, ընդլայնել բիզնեսը:
Նախարարը նշել է, որ բարձրացված բոլոր խնդիրները լրացուցիչ կքննարկվեն պատասխանատուների հետ, մանրակրկիտ ուսումնասիրության առարկա կդառնան` գտնելու առկա խնդիրների առավել իրատեսական և արդյունավետ լուծման տարբերակները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին