Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները, որոնք մեկնարկել են այս տարվա սեպտեմբերին, շարունակվում են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հիմնանորոգման ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով Լոռու մարզ է այցելել նախարար Վահան Մարտիրոսյանը:

Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը բաժանված է 2 մասի և ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի կողմից։

Ծրագրի առաջին մասի շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը: Նախարար Մարտիրոսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը հաստատել է նաև ծրագրի շարունակության համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը։ Առաջիկայում հայտարարվելու է շինարարական աշխատանքների կատարման մրցույթի մասին:

Ռելիեֆային առանձնահատկություններով պայմանավորված՝ ճանապարհի տարբեր հատվածներում լայնությունը կկազմի 6-13 մ: Նախարարը հրահանգել է քանդման աշխատանքների ընթացքում խիստ հսկողություն իրականացնել հատկապես անվտանգության խնդրի վրա:

Հիմնանորոգման ընթացքում իրականացվում են հողային պաստառի վերականգնման, անվտանգության էլեմենտների տեղադրման, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ։

Նախատեսվում է հիմնանորոգել նաև միջպետական ճանապարհին գտնվող 3 թունելները, որոնցից երկուսը կվերանորոգվեն, իսկ երրորդն ամբողջությամբ կվերակառուցվի՝ ապահովելով թունելի լայնության ու բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին:

Ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են և նորից կառուցվեն, մյուս 9-ը՝ կվերանորոգվեն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանի խոսքով' ճանապարհաշինական աշխատանքների այս փուլը կավարտվի 18 ամսվա ընթացքում, ինչպես նախատեսված է ծրագրով:

«Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, որակի ու ժամկետների հետ կապված թերացումներ չենք ունենա», - վստահեցրել է Էմիլ Սարգսյանը:

Նախարար Վահան Մարտիրոսյանի խիստ հանձնարարականն է' նվազագույն անհարմարություն պատճառել շրջակայքի բնակչությանը, ենթակառուցվածքների տեղափոխման ընթացքում բնակիչներին ժամանակին իրազեկել կոմունալ ծառայությունների հնարավոր ընդհատումների մասին:

«Բոլոր միջոցառումները պետք է ձեռնարկվեն, որպեսզի բնակիչները ժամանակին տեղեկանան, թե ո՞ր ճանապարհահատվածն է փակ, ե՞րբ է ընդհատվելու ջրամատակարարումը, կամ կենցաղային ի՞նչ այլ անհարմարություններ են սպասվում»,- նշել է նախարարը:

33 համայնքներ և 167.000 շահառու բնակչություն ընդգրկող 90 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման և վերակառուցման հիմնական շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում: