«Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով:

 

«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, և ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն»,-նշել է փոխնախարարը:

 

Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ այս խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան և ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ:

 

Միաժամանակ Ռոբերտ Մակարյանը հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում: Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց ընկերությունները պատրաստ են իրականացնել լրացուցիչ մթերումներ' կաթի ավելցուկից հարկ եղած դեպքում չոր կաթի կամ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով: Անդրադառնալով ոլորտում առկա այլ խնդիրներին' ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են կաթնամթերքի ներկրումների նկատմամբ պետական վերահսկողության խստացումը, աջակցությունը տեղական արտադրողին, ինչպես նաև տեղական արտադր անքի մրցունակության բարձրացումը: Ի պատասխան բարձրացված խնդիրների' փոխնախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն կաթնամթերքի, այլև այլ գյուղատնտեսական արտադրանքի մասով ներկրումները տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ: