Չինաստանի Շենչժեն քաղաքի (Գուանդունի նահանգ, Հարավային Չինաստան) IT-ցուցահանդեսում արձանագրվել է մարդու նկատմամփ ռոբոտի վնասարարության առաջին դեպքը: Ինչպես հաղորդում է «Սինա» լրատվական պորտալը, ինտերնետ-օգտատերերն արդեն այդ իրադարձությունը կոչել են «մեքենաների ապստամբության նախերգանք»:

Ցուցահանդեսում մի քանի հարյուր ընկերություններ զանազան ապրանքներ եւ ծառայություններ էին ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ստենդներից մեկում հանրությանն էին ներկայացրել մի ոչ մեծ ռոբոտ, որն իր կառուցվածքով եւ չափով նման է «Աստղային պատերազմների» R2-D2 աշխարհահռչակ հերոսին:

«Դրոիդի» հիմնական դերը, ստեղծողների մտահղացմամբ՝ երեխաների ուսուցումն է եւ այցելուներին զվարճացնելը: Սակայն առայժմ անհայտ պատճառով առանց հսկողության մնացած ռոբոտն սկսել է ջարդուփշուր անել մոտակա ստենդները, իսկ երբ աշխատակիցներից մեկը փորձել է դրան կանգնեցնել, այն բարձրացել է տղամարդու ոտքին եւ ճզմել այն:

Հաղորդվում է, որ տուժածի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել, ընդ որում նա ինքնուրույն քայլել արդեն չի կարողացել, եւ նրան տանելու համար պատգարակ է պահանջվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: