Հին համակարգում այլեւս չեն գործում քաղաքական եւ տնտեսական, թիմային ու կլանային նախկին պայմանավորվածությունները։ Նոր համակարգն էլ՝ առայժմ ձեւավորված չէ ու տակավին դեռ ուրվագծված չեն այն «խաղի կանոնները», որոնք սահմանելու են քաղաքական եւ տնտեսական նոր հարաբերություններ։

Անցումային կոչվող այս ժամանակահատվածում՝ ամենից շատ տուժում է բիզնեսը, տնտեսական կյանքում դրսեւորվում են միտումներ, որոնք տրամագծորեն հակառակ են այն խոստումներին, որոնք հնչում են նախագահի կամ վարչապետի հավակնոտ ելույթներում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը միայն անունով է հակամենաշնորհային։ Շաբոյանն ու նրա գործընկերները տարիներ շարունակ հենց մոնոպոլիաներին են պաշտպանել՝ մրցակցության հնարավոր «հարձակումներից»։ Երբ անցնող շաբաթվա ընթացքում՝ այս հանձնաժողովը «Երևանի գարեջուր» գործարանից 110 մլն դրամ բռնագանձելու որոշում կայացրեց, բոլորին էր ակնհայտ, որ տեղի ունեցածը՝ որեւէ աղերս չունի հակամենաշնորհային քաղաքականության հետ։ Ըստ ամենայնի, ինչ-որ մեկը՝ պետական կամ բիզնես, միջավայրից, կոնկրետ բան է շշնջացել Շաբոյանի ականջին։ Գարեջրի արտադրության ոլորտում մրցակցային միջավայր է, ու եթե «Երևանի գարեջուրը» խոշոր չափի գումարով տուգանվում է, բիզնեսի այս ճյուղում մոնոպոլիայի ռիսկեր են առաջանում։ Հայաստանն իրավական երկիր չէ ու կասկածից վեր է, որ նույն «Երևանի գարեջուրն» ոչ թե արդարություն պահանջողի, այլ մուրացողի կարգավիճակում է հայտնվել։ Թերեւս գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը «գլխի է ընկել», թե ում է խանգարում իր բիզնեսը եւ դատարան գնալու փոխարեն՝ վազել է Կարեն Կարապետյանի «դուռը»։ Վարչապետն էլ խնդիրը հրպարակայնցնում է՝ բան հասկացնելով ոչ թե Շաբոյանին, այլ այն մարդուն կամ մարդկանց, որոնց «ականջներն» երեւում են հանձնաժողովի որոշման հետեւում։

Օրինակ այդ հանձնաժողովը սննդի կամ բենզինի ոլորտներին չի անդրադառնում՝ թեեւ դրանցում մոնոպոլիայի միտումներն անհայտ են։ Ո՞վ է Շաբոյանն, որ համարձակվի մտնել Լֆիկ Սամոյի կամ Ֆլեշի տիրույթ՝ առանց «դաբրոյի»։
«Փարքինգ սիթի սերվիսի» ու «Սեքյուրիթի դրիմի» պատմությունն ընդհանրապես արտառոց է, որովհետեւ բացահայտում է՝ մեր պետությունում շուկայական տնտեսության իսպառ բացակայությունը։ Հայաստանում մարդիկ կարող են միլիարդատեր դառնալ՝ ընդամենը փողոցներում «կարմիր գծեր» քաշելով։ Միայն թե՝ «վերեւում» թիկունք ունենան ու անհրաժեշտ պահին՝ իրենց բիզնեսը պետությանը նվիրելու «մեծահոգություն»։ Ներդրումներ չեն կարող լինել մի երկրում, որտեղ բիզնեսն «վերեւից» տրվող «արտոնություն» է, պետական մարմինները՝ կոռուպցիայի եւ մենաշնորհների խրախուսման կենտրոններ։ Նման «բեռով» հնարավոր չէ ներդրումներ ակնկալել ժողովրդավարական Արեւմուտքից կամ նույնիսկ՝ ասիական ԱՄԷ-ից։ Արտաքին ներդրողները սիրում են գործ ունենալ երկրի հետ, որտեղ բիզնես ու տնտեսական հարաբերությունները կարգավորվում են ոչ թե իշխանությունների քմահաճույքով, այլ օրենքներով, ծայրահեղ դեպքում՝ հսկտակ երկարաժամկետ պայմանավորվածություններով։

Սարգիս Հակոբյան