«Հրապարակ» թերթը գրում է.


Գործարար Արման Վարդանյանի եւ քաղաքագետ Խաչիկ Գալստյանի ձեւավորած «Միասնություն» շարժմանն այս պահին միայն մեկ կուսակցություն է միացել՝ «Հայազնը»։ Բայց կան այլ հայտնի ու անհայտ տարբեր անդամներ, որ անդամագրվել են շարժմանը։ Կարեն Դեմիրճյանի «Միասնության» անունը վերցրած շարժումը նպատակ ունի խորհրդարանական ընտրություններին մասնակցել կուսակցությունների դաշինքի ձեւով եւ համանուն անվան տակ։ Այս պահին ընթանում են տարածքային կառույցների ձեւավորման աշխատանքներ։ Թե ով կգլխավորի ցուցակը, ովքեր կլինեն այդ ցուցակում, դեռ չեն քննարկել։ Համենայնդեպս, այդպես հավաստիացրեց մեզ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը, ով վերջին տարիներին մշտապես ակտիվորեն մասնակցել է ընդդիմադիր տարբեր հավաքների, միտինգների, քաղաքացիական շարժումների։ «Քանի որ այն վերկուսակցական շարժում է, հարթակ է հանդիսանալու 2017 թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության, բացի այդ, շատ մոտ է մեր գաղափարներին, դրա համար որոշեցինք դառնալ «Միասնության» նախաձեռնողներից»,-շարժմանն իրենց անդամակցումն այսպես մեկնաբանեց Արմեն Մկրտչյանը…:

 

-Մենք տեղեկություն ունենք, որ քննարկվում է նաեւ ձեր կուսակցության՝ «Հայազնի» ցուցակով ընտրություններին մասնակցելու հարցը, որպեսզի ավելի նվազ անցողիկ շեմ հաղթահարելու խնդիր լինի (դաշինքի դեպքում՝ 7%, կուսակցության դեպքում՝ 5%):


-Նման քննարկում չկա, եւ մեզ համար խորհրդարանում հայտնվելն ընդամենը անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չէ։ Մենք խորհրդարանում հայտնվելու ցուցանիշը շատ ավելի բարձր ենք դրել եւ պայքարելու ենք առաջին հերթին քաղաքական հզոր ուժ դառնալու եւ խորհրդարանում ուժեղ կերպով ներկայացված լինելու համար։ Եվ եթե մենք էդ 1-2 տոկոսի հետ կապված խնդիր ունենայինք, համոզված եղեք, մենք այսքան աշխատանք չէինք իրականացնի։ Մեր խնդիրներն ավելի բարձր են, մենք ստանձնել ենք առաքելություն, որն առողջ սերնդափոխությունն է, երկրում ձեւավորված անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւափոխումն է։ Եվ ես համոզված եմ, որ շատ շուտով մեր տեսակետների հաղթանակին ականատես եք լինելու նաեւ դուք։

 

-«Միասնության» կազմից առայժմ ծանոթ են շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, Դուք՝ Ձեր կուսակցությամբ։ Էլ ովքե՞ր կան շարժմանն անդամագրված, որոնք քիչ թե շատ հայտնի են հանրությանը։


-Մենք մեր առջեւ խնդիր չենք դրել այդ հայտնի կերպարներին հավաքագրելու, մեր առջեւ առաջին հերթին խնդիր ենք դրել տեսակետներով ու մոտեցումներով մեզ հնարավորինս մոտ անհատների ու խմբերի հետ միասին ճանապարհ անցնելու։ Կա «Միասնություն» շարժման համակարգող խորհուրդ, որին անդամակցում են քիչ թե շատ հայտնի թե՛ քաղաքացիական դիրքորոշումներով հաճախ ակտիվորեն դրսեւորված անհատներ, թե՛ խմբեր։ Բայց էն տեսակը, որի մասին Դուք խոսում եք, այսինքն՝ շատ հաճախ հեռուստատեսությամբ կամ մամուլով աչքի ընկած, ապա նրանցից կարող եմ ասել, որ մեզ հետ է Գեւորգ Պետրոսյանը՝ նախկին սոցապնախարար, մեզ հետ է «Երիտասարդ եզդիներ» ՀԿ-ն, մեզ հետ են բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ։ Մեզ հետ են նաեւ տարբեր մարզերում ակտիվորեն դրսեւորված քաղաքացիական խմբեր, որոնց մասին գուցեեւ հասարակությունն այդքան տեղյակ չէ, բայց տեղերում ունեն շատ լուրջ հեղինակություն։ Իսկ կուսակցությունն այս պահին միայն «Հայազնն» է։ Եթե մենք մեր առջեւ խնդիր դրած լինեինք՝ այդ «կարկառուն հայտնիների» հետ համախմբվելու, համոզված եղեք՝ այդպիսիների մոտ ցանկությունը շատ ավելի մեծ էր, բայց մենք մեր առջեւ խնդիր ենք դրել համախմբվել մեր տեսակը, մեր պատկերացումները կրող անհատներով ու խմբերով։

 

Վերջում անդրադարձ կատարվեց նաև, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կապված է այս շարժման հետ, ինչին Արմեն Մկրտչյանը պատասխանեց, որ մամուլում թե՛ Ծառուկյանի, թե՛ բազմաթիվ այլ քաղաքական կամ բիզնես գործիչների անուններ շահարկվեց և կապվեց այս շարժման հետ: Բայց այս պահին այս անձինք կապ չունեն շարժման հետ: Եվ եթե վաղն իրենց կողմից ցանկություն լինի այս շարժման հետ կապ ունենալ, թե՛ կազմակերպչական, թե՛ ընտրություններին մասնակցության ձեւաչափի առումով, շարժումը կքննարկի դա, եւ այդ որոշման մասին, թող համոզված լինեն, առաջինը մամուլի ներկայացուցիչները կտեղեկանան։

 

Մանրամասն կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: