Եվրոպայի խորհրդի Կտտանքների կանխարգելման կոմիտեն նոր զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը, կոմիտեն դրական տեղաշարժ է արձանագրել Հայաստանում ցմահ դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքում, սակայն շեշտել է նաև մի շարք թերացումներ: ԵԽ կայքում հրապարակվել է նաև զեկույցին Հայաստանի կառավարության արձագանքը:

 

Զեկույցում շեշտվում է, որ ազատազրկման վայրերում ոստիկանության կողմից բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքի հարցում դրական տեղաշարժ է արձանագրվել, սակայն հարցը դեռևս ամբողջությամբ լուծված չէ: Այս համատեքստում կոմիտեն նշել է մի շարք ընթացակարգային խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

 

Կոմիտեն առաջարկել է ավելացնել հատուկ քննչական ծառայության աշխատակիցների քանակը, որպեսզի վերջիններս իրենց գործունեության մեջ այլևս չդիմեն տեղական ոստիկանության ուժերի օգնությանը: Ընդգծվել է նաև, որ քաղաքացիներին ոստիկանություն «հրավիրելու» և ոստիկանության ներկայացուցիչների հետ «ոչ ֆորմալ զրույցներ» ունենալու պրակտիկան չի կարգավորվում իրավականորեն: